Մատչելիության հղումներ

Ջոնսոնը և Պուտինը հեռախոսով քննարկեցին Ուկրաինայի հարցը


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Բեռլին, 19 հունվարի, 2020թ.
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Բեռլին, 19 հունվարի, 2020թ.

Այսօր երեկոյան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի առանցքային թեման Ուկրաինայի ճգնաժամն էր:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` «կողմերը բավական մանրամասն քննարկել են խնդիրը»:

Պուտինը Ջոնսոնին ներկայացրել է Ռուսաստանի տեսակետն անվտանգությանն առնչվող մտահոգությունների վերաբերյալ:

Նա պնդել է, որ Ուկրաինան «չի կատարում Մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»:

Պուտինը Ջոնսոնին ասել է, որ ՆԱՏՕ-ն «պատրաստ չէ համարժեքորեն արձագանքել ռուսական կողմի արտահայտած մտահոգություններին»:

Բրիտանիայի վարչապետն, իր հերթին, մտահոգություն է հայտնել «Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի վերջին թշնամական գործողությունների կապակցությամբ»:

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Ջոնսոնն ասել է, թե «անհրաժեշտ է գտնել հարցի կարգավորման այն ուղին, որը կապահովի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնապաշտպանության իրավունքը»:

«Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ցանկացած հետագա ներխուժում ողբերգական սխալ կլինի», - ասել է Ջոնսոնը Պուտինին:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետը Կիևում զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

XS
SM
MD
LG