Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց Ուկրաինայի շուրջ իրավիճակը


ԱՄՆ - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության դեսպանները Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով քննարկման ժամանակ, Նյու Յորք, 31-ը հունվարի, 2022թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության դեսպանները Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով քննարկման ժամանակ, Նյու Յորք, 31-ը հունվարի, 2022թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որի սահմանների մոտ, արևմտյան հետախուզության տվյալներով, Ռուսաստանը կենտրոնացրել է ավելի քան 100 հազար զինվորականներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն, ելույթ ունենալով հանդիպմանը, նշել է, որ միջազգային կազմակերպությունը ողջունում է երկխոսության ջանքերը և կոչ է անում զերծ մնալ սադրանքներից ու շարունակել ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմա-Գրինֆիլդը, իր հերթին, հայտարարել է, թե Վաշինգտոնն ունի տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի քան 30 հազար զինծառայողներ տեղակայել Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, փետրվարի սկզբին, հավելելով՝ Բելառուսում արդեն իսկ գտնվում են 5 հազար ռուս զինվորներ, ինչպես նաև «կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, հատուկ նշանակության և հակաօդային պաշտպանության ուժեր»։ Ամերիկացի դիվանագետի գնահատականով՝ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի մոտ «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում զորքերի ամենամեծ մոբիլիզացիան է»:

Արևմտյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններից և մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա։

Ռուսաստանն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ներխուժման ծրագրեր չունի, սակայն զորքերն Ուկրաինայի սահմանից հետ չի քաշում, ավելին՝ հայտարարելով, թե զորավարժություններ է սկսում Բելառուսի հետ, այդ երկրի տարածք Ուկրաինայի հետ սահմանի մոտ նոր ուժեր և սպառազինություն է տեղափոխում։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են ռուսական ագրեսիայի դեպքում Ուկրաինային օգնելու պատրաստակամության մասին, սակայն խոսքը ոչ թե այդ երկրում ռազմական ուժեր տեղակայելու, այլ սպառազինության և ֆինանսական օգնության մասին է։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, թե ռուսական կողմը դեմ է նման քննարկման, սակայն Անվտանգության խորհրդի 15 անդամներից 10-ը Ուկրաինայի շուրջ քննարկմանը կողմ էին քվեարկել, և այն կայացել է, որևէ հռչակագրի ընդունում նախատեսված չէր․ Ռուսաստանը որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ վետոյի իրավունք ունի և, ամենայն հավանականությամբ, կարգելափակեր իր գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը։

XS
SM
MD
LG