«Դատելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերից, կարող ենք ասել՝ կան դրական կանխատեսումներ։ Սա պետք է մշտական լինի, առանց նախապաշարմունքների։ Բայց փաստ է նաև, որ մենք չենք կարող որոշ հարցերում նույն կողմում լինել», - խոսելով հայ-թուրքական հարաբերություններում նշմարող կարգավորման փորձերից՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թե հատկապես որ քայլերն են գոհացրել թուրքական կողմին, Չավուշօղլուն չի հստակեցրել։ Փոխարենը, ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, թուրք պաշտոնյան կոչ է արել հայկական Սփյուռքին չխոչընդոտել գործընթացին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Անկարայից. ԱԳՆԵրևանն ու Անկարան շաբաթներ առաջ պատրաստակամություն հայտնեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Ընդ որում, պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան անցած շաբաթ հայտարարել էր Հայաստանի Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևան պետությունների՝ երկխոսություն սկսելու առաջին քայլերից էր երկուստեք բանագնացների նշանակումը։ Անկարան այդ գործընթացում կներկայացնի երկրի ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, ով հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր կոշտ, ժխտողական պայքարով։ Քըլըչի հետ հայկական կողմից կբանակցի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ի տարբերություն Հայաստանում Ռուբինյանի թեկնածության շուրջ ընդդիմախոսների քննադատությունների՝ Թուրքիայում նրան գիտեն որպես «բարի նպատակներ ունեցող անձնավորություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարինԹուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Մևլութ Չավուշօղլուն Ռուբեն Ռուբինյանին բնութագրել է որպես «բարի նպատակներ ունեցող անձնավորություն, որը լավ գիտելիքներ ունի Թուրքիայի մասին»։ Թուրքիայի արտգործնախարարը չի մանրամասնել, թե երբ է հասցրել ընդամենը երեք տարվա քաղաքական գործունեություն ունեցող Ռուբինյանի այդ որակներին ծանոթանալ։
Չավուշօղլուն, անդրադառնալով հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպմանը, նշել է, որ հայկական կողմի ցանկությամբ այն տեղի կունենա Մոսկվայում՝ առաջիկա հունվարին։ Կոնկրետ ժամկետները, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, դեռ հստակ չեն։
«Հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ կարծիքներ կփոխանակեն ճանապարհային քարտեզի շուրջ, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել, այդ թվում՝ վստահության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ հայ և թուրք բանագնացների շփումները պետք է շարունակվեն նաև հեռախոսով ու տեսակապի միջոցով։