Մատչելիության հղումներ

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով (թարմացված)


21:22

«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք. ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

21:15

Հայ-թուրքական հարաբերությունների թեմային անդրադառնալով` ՀՀ վարչապետը նախ նշեց, որ եթե բանակցային գործընթացը հաջող ընթանա, պրոցեսը հասունանա, կարող է լինել նաև իր հանդիպումը Թուրքիայի առաջնորդի հետ:

Ինչ վերաբերում է հայկական կողմի բանագնացին` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, նա շեշտեց, թե նրա և՛ կրթությունը, և՛ անցած քաղաքական ճանապարհը, և՛ արդեն բավականին ծանր փորձառությունը բավարար են, բացի այդ հավելեց` այս գործընթացում ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսից ձևավորվելու է թիմ:

Նա չհամաձայնեց քննադատությունների հետ, թե այս բանակցությունների պատրաստակամությամբ Հայաստանը համաձայնել է Թուրքիայի նախապայմաններին «Զանգեզուրի միջանցքի» մասով: Վերահաստատեց` Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։

21:04

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով, հայտարարեց վարչապետը. «Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»:

21:01

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց հնարավոր նոր միջազգային ճանապարհի ստեղծման մասին. «Իմ և մեր ընկալմամբ՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այլև սա նոր, միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը:

Նախկինում էլ չենք բացառել և չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի»:

20:43

Հայաստանի կառավարության ղեկավարը դեկտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին: Իսկ հանդիպելո՞ւ է արդյոք Իլհամ Ալիևի հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց որ շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ անպայման կլինի, որովհետև այնտեղ լինելու ենք ԱՊՀ երկրների ղեկավարներով, և շփում կլինի, բայց բանակցություն պաշտոնական այս պահին առաջարկ չենք ստացել»:

20:29

Ադրբեջանցի սահմանախախտներին, որ հայ զինծառայողների կողմից գերեվարվել էին, Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների:

«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին», - ասաց նա։

20:15

Ադրբեջանի նախագահի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ որ քննարկվել է առանձնազրույցից առաջ և հետո, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի հարցերն ենք շարունակել քննարկել», - նշեց նա` անդրադառնալով Բրյուսելում դեկտեմբերի 14-ին պատերազմից հետո առաջին անգամ իր ու Իլհամ Ալիևի կարճատև առանձնազրույցին, որը տեղի էր ունեցել Եվրախորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ընթացքում, և որի մասին Շառլ Միշելն էր հայտնել:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե բրյուսելյան հանդիպումներից հետո կարո՞ղ է վստահեցնել, որ հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյանը դրական պատասխանեց` հիշեցնելով, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ էլ գծանշել էր հայկական կողմի կարմիր գծերը, որ միջանցքային որևէ տրամաբանություն չեն ընդունում:

«Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը: Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են։ Բայց կան խնդիրներ և պատճառներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, անկեղծ ասած, մանրամասների քննարկման մեջ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե այս մասով Իլհամ Ալիևի հետ ոչ մի պայմանավորվածություն չունեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG