Մատչելիության հղումներ

«Ռուբինյանի կենսագրությունը խոսուն է. չեմ կարծում՝ զիջում է թուրք բանագնացին». իշխանական պատգամավոր  


Ռուբինյանը կարող է ձախողել գործընթացը. քաղաքական մեկնաբան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում խորհրդարանի փոխխոսնակ Ռուբինյանին բանագնաց նշանակելը ոչ միանշանակ է ընդունվել։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նա լավագույն թեկնածուն չէ, գործընթացը կարող է ձախողել։

«Ես չեմ կարծում, թե Ռուբինյանն ամենափայլուն թեկնածուն է, ավելին` ես կարծում եմ, որ նա ի վիճակի է ձախողել ցանկացած նախաձեռնություն», - ասաց նա:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ այս գործը պետք է վստահվեր հմուտ դիվանագետի։ Փաշինյանի թիմում, ըստ նրա, չկա այդպիսի դեմք։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսությունը կարևոր է. «Փաշինյանի թիմում չեմ տեսնում, ավելին` չեմ էլ կարծում, թե Փաշինյանը կարող է հստակ ձևակերպել հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա օրակարգը, որովհետև նա կարծես թե պատրաստ է զիջել հնարավոր ամեն ինչ»:

Թուրքական կողմից բանագնաց է նշանակվել տասնամյակների փորձ ունեցող դիվանագետ, Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Ռուբինյանի դիվանագիտական գործունեությունը մեկ տարվա պատմություն էլ չունի։ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար, 8 ամիս հետո պատգամավորական գործունեության անցավ, գլխավորեց Արտաքին հարցերի հանձնաժողովը։ Վերջին ընտրություններից հետո 31-ամյա Ռուբինյանը դարձավ Ազգային ժողովի փոխխոսնակ։

Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանն ուղղված քննադատությունները տեղին են, համաձայն է նաև թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, որ 90-ականներին բանակցային գործընթացի ակտիվ մասնակից է եղել. «Գիտեմ, որ դիվանագետ չի, դա ակնհայտ է: Եվ այս առումով, իհարկե, դժվար կլինի, դժվար կլինի նման փորձառու դիվանագետի` Սերդար Քըլըչի հետ բանակցել»:

Կարևոր է բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը. Ռուբեն Սաֆրաստյան

Բայց չնայած թեկնածուի դիվանագիտական փորձառության բացակայությանը երկխոսության գործընթացում կարևոր է, որ պետության բարձրագույն ղեկավարությունը հստակ դիրքորոշում ու սկզբունքայնություն ունենա ու Թուրքիայի հետ երկխոսելիս զիջումների չգնա, ասում է Ռուբեն Սաֆրաստյանը. «Այս խնդիրն այնպիսի վիճակում է գտնվում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, որ պետք է ամեն ինչ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից որոշվի, և զիջումների կարևոր հարցերում, սկզբունքային հարցերում չգնան»:

«Նա երիտասարդ է, բայց այդ տարիքում արդեն ունի այդքան ուղի անցած»

Իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը զարմացած է, որ Ռուբինյանի թեկնածությունը քննադատում են: Մի՞թե նրա հաջողությունները չեն տեսնում, տարակուսում է պատգամավորն ու թվարկում. «Հենց այնպես մարդիկ այդ երիտասարդ տարիքում չեն դառնում ԱԺ փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արտաքին գործերի փոխնախարար, հենց այնպես չեն լինում: Սա նշանակում է` այդ մարդն ունի այդ կարևորությունը, պոտենցիալը, և սա իր հաջորդ քայլն է, և որևէ մեկը չի կարող ասել, որ նրա կենսագրությունն աղքատիկ է: Այո, նա երիտասարդ է, բայց այդ երիտասարդ տարիքում արդեն ունի այդքան ուղի անցած»:

Բացի այդ, Ռուբինյանը մենակ չի լինելու այս գործընթացում, շեշտում է նրա թիմակիցը։ Բանագնացի թիկունքում մասնագիտական լուրջ խումբ է աշխատելու, և որոշումներն այդտեղ են կայացվելու։

«Չեմ կարծում, թե ինտելեկտուալ առումով Ռուբինյանը զիջում է ինչ-որ մեկին, հատկապես թուրք բանագնացին, բայց իհարկե, չպետք է թերագնահատել թուրքական դիվանագիտությունը», - նկատում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

«Պետք է հենց սկզբից մենք դնեինք Ցեղասպանության ճանաչման խնդիրը»

Բանագնացները դեռ չեն հանդիպել։ Երևանը բազմիցս հայտարարել է` երկխոսությունը սկսում է առանց նախապայմանների։ Այսպիսի հստակ հայտարարություն Անկարայից դեռ չի հնչել բանագնաց նշանակելուց հետո։ Իսկ ավելի վաղ Թուրքիան երկխոսությունը սկսելու նախապայման էր առաջ քաշում` բացել այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը»։

Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավոման չորրորդ փորձն է, նախկին բոլոր ղեկավարների օրոք այս գործընթացը սկսվել ու տապալվել է։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ սխալ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել։

«Պետք է հենց սկզբից մենք դնեինք Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Չենք արել դա», - ասում է թուրքագետը:

Եթե Հայաստանը Ցեղասպանության ճանաչման հարցը առաջ չքաշի, ապա բանակցությունների ընթացքում Թուրքիան կպահանջի հրաժարվել ճանաչման պահանջից։ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը, ըստ նրա, կարելի է սկսել, երբ ընդունի պատմական իրողությունը, և այդ վտանգն այլևս Թուրքիայից չլինի։ Սա պետք է ձևարկեպվի, ըստ Սաֆրաստյանի, որպես անվտանգության խնդիր։

XS
SM
MD
LG