Կառավարությունը վերացնում է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին գործադիրի որոշմամբ արգելվեց թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ հաշվի առնելով Անկարայի անթաքույց աջակցությունը Բաքվին։
Անցած տարվա դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտած արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև՝ այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։ Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։
Էկոնոմիկայի նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն, միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն և որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ. «Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը չբացառելով, որ կհրաժարվեն արգելքից՝ նման տարբերակը բացատրել էր քաղաքական դրդապատճառներով։
«Որոշումների կայացման մեջ կան տարբեր շարժառիթներ՝ տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Այս շարժառիթների մեջ, բնականաբար, գերական լինելու է քաղաքականը և հենց հիմա էլ մենք քննարկումների մեջ ենք և կարծում եմ, որ մոտակա մի քանի օրվա մեջ, բնականաբար մինչև տարվա վերջ մնաց երկու աշխատանքային օր, առաջիկա երկու օրվա մեջ արդեն որևէ որոշում պետք է կայացնենք, նույնիսկ որոշման չկայացումն արդեն ուրիշ որոշում է, այսինքն բացել սահմանները և կարծում եմ, որ 1-2 օրվա մեջ արդեն կունենանք», - նշեց նախարարը:
«Ազատության» հարցին՝ չե՞ք բացառում, որ չի երկարաձգվի, Քերոբյանը պատասխանել էր. «Չէ, չեմ բացառում»:
Կառավարության այս որոշումը Թուրքիայի հետ փաստորեն մեկնարկած երկխոսության ֆոնին է։ Օրերս հայտարարվեց, որ պաշտոնական Երևանի ու Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն։
Միջազգայնագետի կարծիքով՝ այս որոշումը դրականորեն կանդրադառնա՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա
Ստամբուլում գործող Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր, միջազգայնագետ Միդհաթ Չելիքփալան այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարության կողմից թուրքական ծագման ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը դրականորեն կանդրադառնա՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա։
«Այս որոշումը կարող է կրկին ակտիվացնել Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները: Մի կողմից կշահի Թուրքիայի և տարածաշրջանի տնտեսությունը, մյուս կողմից էլ Հայաստանի ներքին շուկայի համար դրական կլինի, քանի որ տարբեր ապրանքներ այլ երկրներից Հայաստան ավելի թանկ գնով են հասնում: Հաշվի առնելով Թուրքիայում արտարժույթի հետ կապված տատանումները՝ թուրքական այլևս էժան ապրանքների մուտքը Հայաստան դրական կանդրադառնա հայաստանյան սպառողի վրա: Կարծում եմ, այս զարգացումը առաջիկայում նաև դրականորեն կանդրադառնա հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա», - նշել է նա:
Երեսուն տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ: 1993 թվականից Թուրքիան փակել է ցամաքային սահմանը Հայաստանի հետ: