Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մեր տպավորությամբ, բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում: Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան: Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ շուտով Երևան-Ստամբուլ չարթերային չվերթներ կմեկնարկեն: Նրա խոսքերով, կողմերը փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը: Թուրք նախարարը վերստին ընդգծել է, որ այս գործընթացում իր քայլերը Անկարան համակարգում է Բաքվի հետ:
«Մենք քննարկում ենք երկխոսության հաջորդ փուլերում ձեռնարկվող քայլերը: Հուսով եմ՝ Հայաստանը կմնա այս գծի մեջ, ազդակները դրական են, բայց գործնականում ենք ուզում տեսնել դա: Եռակողմ քայլեր էլ կարող են արվել», - ընդգծել է նա:
Թուրք նախարարի հայտարարությունից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հաստատեց, որ քննարկվում է բանագնացների՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը: Վահան Հունանյանը միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա այս նոր երկխոսությունը կարո՞ղ է կրկին օրակարգ բերել 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները: Չավուշօղլուն պատասխանել է՝ արձանագրությունները արդեն կորցրել են նշանակությունը, քանի որ այդ գործընթացը անհաջողության մատնվեց:
«Այսօր նոր գործընթաց է սկսվել: Այս համատեքստում հարաբերությունների կարգավորման համար պետք է նոր քայլեր ձեռնարկվեն: Սա կարևոր նշանակություն կունենա Կովկասի կայունության, խաղաղության ու բարգավաճման համար: Հատուկ բանագնացներն էլ առաջին հանդիպման ժամանակ մտքեր կփոխանակեն այս ճանապարհային քարտեզի շուրջ: Այնուհետև, կարծում եմ, պարբերական հանդիպումներն ու հեռախոսազրույցները ևս օգտակար կլինեն», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Խոսելով տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության ծրագրերի շուրջ՝ Չավուշօղլուն հիշեցրել է «3+3» հարթակի մասին, որի առաջին հանդիպումը «3+2» ձևաչափով տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Թուրք նախարարը նշել է, որ հարթակի հաջորդ հանդիպումը նախատեսում են հյուրընկալել Անկարայում:
Թուրքիայի նախագահի խոսնակի համոզմամբ՝ Կովկասում հայ-թուրքական հակամարտությունն արդեն ավարտվում է
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման այս նոր փուլի մասին այսօր խոսել է նաև Թուրքիայի նախագահի խոսնակը: Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում ամերիկաբնակ թուրքերի հետ հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե հակաթուրքականությունը Միացյալ Նահանգների հայկական լոբբիի ինքնության մի մասն է դարձել և հիմա Կովկասում տեղի ունեցող գործընթացը կոտրում է հայկական սփյուռքի փաստարկները:
Նրա համոզմամբ՝ Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն ավարտվում է և Ադրբեջանի կողմից «Ղարաբաղի ազատագրմամբ այս տարածաշրջանի պատմության համար նոր էջ է բացվել»:
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից ամենից շատ Հայաստանը կշահի՝ առևտրատնտեսական ու քաղաքական առումով և հայկական սփյուռքը պետք է տեսնի այս իրականությունը», - ընդգծել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ և ինչ օրակարգով են հանդիպելու Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները:
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ Անկարայի հետ երկխոսության է գնում առանց նախապայմանների: Մինչդեռ Թուրքիայի բարձր ղեկավարության հայտարարություններում քանիցս հնչել են ոչ ուղղակի նախապայմաններ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, հարևանների տարածքային ամբողջականության ճանաչումը։