Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Անկարայից. ԱԳՆ


ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը
ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը

«Հայաստանը պատրաստ է Հայաստան -Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը», - «Ազատության» հարցմանն ի պատասխան` նշել է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի՞ կապում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, հատկապես որ նախագահ Էրդողանը հրապարակային ելույթներում խոսում է «Զանգեզուրի միջանցքից», արդյոք սա նախապայման չէ՞։

Խոսնակը հավելում է. «Հայկական կողմը գտնում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը երրորդ երկրների հետ հարաբերություներում առկա խնդիրներին որևէ կերպ պետք չէ փոխկապակցել, իսկ Հայաստանի կառավարությունը ցանկացած գործընթացում առաջնորդվելու է Հայաստանի և հայության կենսական շահերի պաշտպանությամբ ու առաջմղմամբ»։

Արտաքին գերատեսչության խոսնակի պատասխանից պարզ է, որ Հայաստանն ակնկալում է առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մոտեցում նաև Թուրքիայից, սակայն պատասխանից հստակ չէ՝ որն է լինելու պաշտոնական Երևանի արձագանքը, եթե Թուրքիան, այնուամենայնիվ, առաջ քաշի նախապայմաններ։ Այսօր արդեն ի պատասխան այս հարցի` Արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Մենք նաև հետաքրքրվել էինք՝ ի՞նչ օրակարգով է Հայաստանը սկսում երկխոսությունը։ Սակայն ԱԳՆ-ի պատասխանից դատելով` օրակարգի վերաբերյալ հստակություն առայժմ չկա։

«Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում օրակարգի վերաբերյալ հստակեցված տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի պաշտոնական տեղեկատվություն», - պատասխանել են մեր հարցին։

Թուրքիայի հետ երկխոսության հստակ օրակարգ առայժմ չկա. ԱԽ

Իր հերթին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ևս հայտնել էր, որ Թուրքիայի հետ երկխոսության հստակ օրակարգ առայժմ չկա. «Երբ որ օրակարգը ձևավորվի, երբ որ քննարկումներ կլինեն օրակարգի մասին, բնականաբար հայկական կողմը տեղյակ կպահի հանրությանը, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Այս պահին մենք ծանոթ չենք որևէ ճանապարհային քարտեզի, դեռևս միայն բանագնացներ են նշանակվել: Երբ որ բանագնացները կհանդիպեն, և կստանանք որևէ առաջարկություն, և նաև կներկայացնենք մեր առաջարկությունները, ապա կքննարկենք հանրության հետ գործընթացի մասին»:

«3+3» հարթակի հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳՆ

Շաբաթվա սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: «Ազատությունը» Արտգործնախարարությանը խնդրել էր նաև տեղեկացնել, թե Հայաստանը մեկնելո՞ւ է այս հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է 3+3 հարթակի շրջանակներում հանդիպումներին, ապա հնչել են տարբեր առաջարկներ, սակայն այս պահի դրությամբ հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա», - ասված է Վահան Հունասյանի պատասխանում։

Այնուամենայնիվ, Երևանը կաշկանդված չէ հանդիպումների աշխարհագրությունից։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում. «Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին մեզ մոտ` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»:

Կստացվի՞ արդյոք երկխոսություն Անկարայի հետ առանց վերջինիս կողմից առաջ քաշվող պայմանների. քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով` դեռ 90-ականներից Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների մեծ մասն արդեն կատարված է` Հայաստանը զորքեր չունի Ղարաբաղում, ինչպես նաև հանձնել է տարածքները։

«Իսկ այն տարածքներում, որտեղ դեռևս Ադրբեջանի վերահսկողություն չկա, այդտեղ ռուսական զորքեր են, հետևաբար Հայաստանն Արցախի «օկուպացիային» վերջ է տվել, հիմա պարզապես «նո օկուպացիա է», բայց արդեն Հայաստանը մեղավոր չէ, ոչ մի բանով չի կարող, Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն էլ, Թուրքիայի գնահատմամբ, եթե ամբողջությամբ չի կատարված, ապա գուցե այսպես ասած` կատարվել է որոշակի տոկոսներով»:

Այնուամենայնիվ, կառավարության 2021-2026 թվականների ծրագրում Արտաքին քաղաքականության ենթաբաժնում նշված է` «Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»։

Ըստ քաղաքագետի` այնուհանդերձ, Թուրքիայի նախկին պայմանների մի զգալի մասն արդեն կատարված է` անկախ նրանից, թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել։ Պողոսյանի հասկանալի է համարում, թե ինչու է Թուրքիան սկսում երկխոսություն, այլ հարց է, թե ինչ է շահելու Հայաստանը երկխոսությունից և դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատումից, որը ըստ նրա` կուժեղացնի Թուրքիային մեր տարածաշրջանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG