«Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարող է իրականություն դառնալ, եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ օկուպացիոն և հարձակվողական քաղաքականությունից», - հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակը։
Օմեր Չելիքը լրագրողների հետ խոսել է կուսակցության հերթական նիստից հետո, որը գլխավորել է ԱԶԿ-ի առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իշխող ուժի խոսնակը, անդրադառնալով Հայաստանի հետ նշմարվող հաշտեցման գործընթացին, նշել է, որ հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Էրդողանը միշտ սկզբունքային է համարել Ադրբեջանի դիրքորոշումը. - «Նախագահի համար խիստ զգայուն հարց է, որ Ադրբեջանի մեր եղբայրները դրական նայեն կարգավորման այս գործընթացին: Հիմա ադրբեջանցի եղբայրներն ու Ալիևը դրական մոտեցում ունեն, և Թուրքիան վճռականությամբ քայլեր է անում տարածաշրջանում խաղաղության հաստատման, լարվածության թուլացման համար»:
Իշխող կուսակցության խոսնակը հիշել է հայ-թուրքական կարգավորման նախորդ անհաջող փորձի՝ 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների մասին, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա:
Չելիքը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նախագահ Էրդողանն ու Ալիևը տարածաշրջանի համար նոր տեսլական ունեն: Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար մեխանիզմ է առաջարկվել՝ լայն համագործակցության 3+3 ձևաչափը. - «Այս հարթակում պետք է լինեն Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան: Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ևս կարող է միանալ այս նախաձեռնությանը, եթե հրաժարվի իր հարձակողական քաղաքականությունից: Հայաստանի այս մոտեցումը հենց իրեն էր վնասում, և հիմա հնարավորություն է ստեղծվել դուրս գալու այս փակ շղթայից»:
Հայաստանը, ի դեպ, այս ամիս Մոսկվայում արդեն մասնակցել է 3+3 հարթակի առաջին նիստին, որին փոխարտգործնախարարների մակարդակով ներկա էին տարածաշրջանի մյուս երկրները, բացի Վրաստանից։ Հարթակի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Անկարայում:
Օմեր Չելիքը ընդգծել է, որ ի տարբերություն կարգավորման նախորդ փորձերի, հիմա Հայաստանի համար ավելի լայն հեռանկար է բացվել անդամակցելու տարածաշրջանային համագործակցության հարթակին՝ միևնույն ժամանակ բարելավելով Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս համատեքստում նա կարևորել է ուղիղ բանակցելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը:
Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հատուկ բանագնացների՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը, հայկական կողմի ցանկությամբ, Մոսկվայում կանցկացվի։
Խոսելով հայ և թուրք բանագնացների առաջիկա հանդիպման մասին՝ Չելիքը ասել է. - «Եթե կարգավորման գործընթացը իրականություն դառնա, մի շարք քայլեր կձեռնարկվեն: Գուցե առաջին քայլերից մեկը կարող է դառնալ 2019-ին դադարեցված Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքների վերաբացումը»:
Չելիքը հույս է հայտնել, որ Հայաստանը կգործի որպես Հարավային Կովկասի բարօրությանը միտված մեխանիզմի մի մաս՝ այդպիսով իրականություն դարձնելով նաև հայ-թուրքական հաշտեցմումը. - «Թուրքիան այս հարցում ունի անհրաժեշտ ինքնավստահություն, դիվանագիտական կարողություն և նախաձեռնողականություն ցուցաբերելու կամք»: