Մատչելիության հղումներ

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարին


Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին երեկ TV 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Նրանց հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ, բայց սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,- ասել է նա:

Չավուշօղլուն երկուշաբթի օրը հայտարարել էր, որ առաջին նման հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։

Երեկ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կօգնի բարելավել իրավիճակը տարածաշրջանում։ Նա նաև նշել էր, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին։

Երևանն ու Անկարան վերջերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

XS
SM
MD
LG