«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պահանջած վերահաշվարկից հետո Աբովյան խոշորացված համայնքի ավագանու նորընտիր անդամներն այսօր քաղաքապետ ընտրեցին. 2 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրվեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։
Աբովյան խոշորացված համայնքի տեղական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ)՝ 44.4 տոկոս, 35.2 տոկոսն իր ձայնը տվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», 11.5 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցությանը, իսկ 4.9 տոկոսը՝ Դաշնակցությանը։
ԲՀԿ-ն ավագանիում ունի 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1։
Այսօրվա բաց քվեարկության ընթացքում Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության 3 անդամներից երկուսը ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկեցին, 1՝ ձեռնպահ մնաց, Դաշնակցությունն էլ քվեարկեց հօգուտ ԲՀԿ -ի թեկնածուի։ Այսպիսով, ավագանու 14 անդամ քվեարկեց Էդուարդ Բաբայանի օգտին, 12-ը՝ ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ը հաղթել է 36 համայնքներից 25-ում, պարտվել է Մասիսում, Աբովյանում, ՎանաձորումՀնչող կարծիքները, որ Կոտայքի մարզն ու հատկապես Աբովյան քաղաքը տարիներ շարունակ գտնվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, նորընտիր քաղաքապետին անակնկալի չբերեց։
«Դուք տեսաք մեր ժողովուրդն ինչպես ձայն տվեց, ժողովուրդն է ընտրել , ուրիշ բան չունեմ ասելու։ Առաջիկայում ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ», - ասաց Էդուարդ Բաբայանը։
ՔՊ-ի պարտված թեկնածու Պավել Ցուգունյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են աբովյանցիները ԲՀԿ-ին գերադասել հեղափոխական ուժից։
«Մենք այս ելքին սպասում էինք, չենք դավաճանելու մեզ ընտրած 8 հազարից ավելի բնակիչներին։ Մեր թիմը մարզում շատ աշխատանք է արել, օրինակ՝ որտեղ համայնքի ղեկավար ենք փոխել, մարդիկ զգացել են դրական փոփոխությունը։ Ամեն տարի ընտրություններ էր, երևի մարդիկ հոգնել էին, դուրս չեկան, չգնացին տեղամասեր»,- ասաց Պավել Ցուգունյանը։
Աբովյանի նորընտիր քաղաքապետը 2019-ին մի քաղաքացու առողջության դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման, հետո՝ համաներմամբ ազատ արձակվել ու շարունակել պատգամավորական գործունեությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գրավի դիմաց ազատ արձակվեց