Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալությունից


Էդուարդ Բաբայան, արխիվ
Էդուարդ Բաբայան, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:

Ըստ հաղորդագրության, երեկ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ըստ կոմիտեի, 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG