Մատչելիության հղումներ

Տուժողը հայտնել է, որ իրեն հարվածել է նաև Գագիկ Ծառուկյանը. ոստիկանություն


Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան
Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան

Ոստիկանությունը հաղորդում է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։

«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։ Ըստ տուժողի հաղորդման, նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Ոստիկանությունը նշում է, որ «տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով»։

«Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է։ Նա կասկածվում է դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը այլ ծանր վնաս պատճառելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG