Մատչելիության հղումներ

Մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը, իսկ տուժողն իրեն տուժող չի ճանաչում


ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստի մեկնարկին, Վյաչեսլավ Հարությունովն ասաց՝ ես ինձ տուժող չեմ համարում:

Իսկ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանը կրկին հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը․ - «Ես չեմ մասնակցել ո՛չ ծեծկռտուքի, չե՛մ եղել էդ սենյակում: Ես Ծառուկյանի հետ բարձրացել եմ վերև, մի երկու հոգի ընդունել ա Ծառուկյանը, մոտ մի ժամ ա տևացել, թողել գնացել ենք: Էդքան բան»:

Բաբայանը մեղադրվում է Հարությունովին առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, անցած տարի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստումի մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում: «Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ», - ասված էր ծառայության տարածած հաղորդագրությունում:

Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունովը հայտարարել է, որ ինքն ուղղակի սայթաքել է:

Դատական նիստի ընդմիջմանը «Ազատության» հետ զրույցում, Հարությունովն ասաց, թե Բաբայանն իրեն չի ծեծել՝ հավելելով․ - «Ընտիր հարաբերությունների մեջ եմ նրա հետ․․․ Էղել է նենց, որ պարոն Ծառուկյանը և Էդուարդ Բաբայանը էնտեղ ֆիզիկապես չեն էղել: Մեր մեջ ոչ մի վիճաբանություն չի եղել, մենք հարազատ մարդիկ ենք»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է սոսկ սայթաքելով ստացել նման մարմնական վնասվածքներ, Հարությունովն արձագանքեց․ - «Սայթաքել եմ, ընկել եմ: Մինչև էդ էլ առավոտն էլ գլուխս ֆռռացել ա՝ ուրիշ տեղ եմ ընկել․․․ Բայց դա ոչ մի բան չի փոխում: Ի՞նչ կապ ունի իմ ընկնելը պարոն Բաբայանի կամ պարոն Ծառուկյանի հետ»:

Դատական նիստում հարցաքննված երեք վկաներից առաջինին՝ վիրաբույժին, տուժողի ու պատասխանողի փաստաբաններն հարց ուղղեցին՝ բաժանմունքն ունի ղեկավար, իսկ դուք հերթապահ բժիկն եք, ի՞նչ իրավունքով եք թույլ տվել, որ իրավապահները վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդին, ում ցավազրկող նարկոտիկ դեղանյութ է ներարկվել, հարցաքննեն: Բժիշկն ասաց, թե չի հիշում, թույլատրե՞լ է, թե՞ ոչ:

Հաջորդ վկան՝ բուժքույրը առհասարակ չէր էլ հիշում ինքը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը հիշեցրեց, որ հարցաքննվել է, բուժքույրը հարցրեց՝ ե՞րբ:

Վերջին վկան՝ օլիմպիական համալիրի պահակակետի ոստիկանը, նախ ասաց, որ չի հիշում, թե այդ օրը տեսե՞լ, թե՞ չի տեսել Էդուարդ Բաբայանին, հետո ասաց, որ չի տեսել:

Մեղադրող դատախազը դատարանի թույլտվությամբ հրապարկեց ոստիկանի ցուցմունքը, որտեղ նա գրել էր, որ տեսել է, թե իչպես է Ծառուկյանը համալիր մտնում իր թիկնազորի պետ Էդուարդի ուղեկցությամբ: Դատախազն ընթերցեց այդ հատվածը, ինչից հետո ոստիկանն արձագանքեց՝ ընթացքում ճշգրտող հարցեր է տալիս դատավորը:

Տուժող կողմը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, որ հրապարկվելու են Հարությունովի տանը նրա կնոջ ու որդու հետ զրույցների գաղտնալսումները, որոնք պարունակում են հայհոյանքներ և անձնական կյանքին վերաբերող հատվածներ: Միջնորդությանը միացավ նաև պատասխանող կողմը:

Թեև դատախազն առարկում էր, դատարանը բավարարեց միջնորդությունն ու հետաձտեց նիստը:

XS
SM
MD
LG