Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը Վերաքննիչ դատարան կբողոքարկի երեկ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը նրան դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ ազատ արձակել։
Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ որոշումը ստանալուց հետո կսկսեն բողոքարկման գործընթացը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ անցած տարի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստումի մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
«Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս», - ասված էր ծառայության տարածած հաղորդագրությունում:
Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունովը հայտարարել է, որ ինքն ուղղակի սայթաքել է: Դատարանում Բաբայանը մեղքը չէր ընդունել, տուժողն էլ իրեն տուժող չէր ճանաչել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի թիկնազորի նախկին պետը մեղադրվում է Հարությունովի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: