Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ) հաղթել է 36 համայնքներից մեծ մասում, ինչպես կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է Ֆեյսբուքում գրել՝ նախնական տվյալներով 25-ում։
Միաժամանակ, իշխանական կուսակցությունը պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում:
Մասիսի գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքն է հաղթել «Քաղաքացիական պայմանագրին»՝ ապահովելով Համբարձումյանի հետագա պաշտոնավարումը:
Աբովյանում ամենաշատ ձայներ՝ շուրջ 46 տոկոս, ստացել է «Բարգավաճ Հայաստան»-ը, որի թեկնածու՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանին անհրաժեշտ են նաև այլ ուժերի քվեներ քաղաքապետ ընտրվելու համար: 2019-ին Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվեց:
Վանաձորում հաղթել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ սատանալով քվեների մոտ 38,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ առանց այլ ուժի ձայների Ասլանյանը չի ընտրվի քաղաքապետ: Անցած ընտրություններում Ասլանյանը գլխավորում էր Հանրապետականի ցուցակը:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակի առաջին համարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է ձայների մոտ 24,7 տոկոսը:
«Ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, ի կատար է ածված»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել ՏԻՄ ընտրություններին՝ մասնավորապես գրելով՝ ՏԻՄ ընտրությունների այս որակը, «երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»։
«Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների», - գրել է վարչապետը: