Աղաջանյան. - Պետք է բոլոր հնարավոր միջոցներով հասնել նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնվի։ Ես բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կարող է ինչ-ինչ, Ադրբեջանի կողմից մասնավորապես, նպատակների կամ պատկերացումների արդյունքում խախտվի։ Եվ այս ամբողջ գործընթացը պետք է դիտարկել միջանցքային տրամաբանության կոնտեքստում և Հայաստանի Հանրապետության իշխանության և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի դիմադրության կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետությունը լինելու է սուվերեն, Հայաստանի Հանրապետությունում որևէ միջանցք չի անցնելու, և այն իրավիճակը, որ այս պահին առկա է ռազմական թատերաբեմում և այդ մարտական գործողությունների տարածքում, այդ ստատուս քվոն չի պահպանվելու։ Եվ Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովուրդը և տվյալ պարագայում քաղաքական իշխանությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, անելու է առավելագույնը, օգտագործելու է բոլոր հնարավոր գործիքները՝ դիվանագիտական, քաղաքական, ֆինանստական, ռազմական, որպեսզի այս իրավիճակը լուծվի մեկընդմիշտ։ Եվ սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի դիրքորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել է, ձևավորվել է 91 թվականին, այնպես էլ լինելու է սուվերեն, ինքնիշխան, և որևէ ճնշման ներքո այս ձևաչափը և այս կարգավիճակը սակարկման ենթակա չէ։
«Ազատություն». - Երբ Գորիս - Կապան ճանապարհին տեղադրվեց այդ ադրբեջանական անցակետը, վարչապետն ասում էր՝ սա այն գինն էր, որը մենք վճարեցինք վերջ տալու համար միջանցքային տրամաբանությանը։ Ստացվում է, որ սա միակ գինը չէ, և հիմա նորից ճնշումների է ենթարկվում Հայաստանը, արդեն ռազմական։
Աղաջանյան. - Նախ ես ուզում եմ, որպեսզի մենք հստակեցնենք. խոսքը չի գնում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված մաքսակետերի կամ անձնագրային վերահսկողության կետերի մասին։ Եվ երբ վարչապետն ասում էր, սա գինն է, դա պետք չէ ընկալել որպես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից վճարված ինչ-որ բան։ Տևական ժամանակ է, որ հունվարի 11-ի եռակողմ պայմանագրի հիման վրա ձևավորվել է փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խումբ, որը կոչված էր քննարկել ճանապարհների ապաշրջափակումը տարածաշրջանում... Հենց այս ձևաչափում էր, որ առավելապես տեսանելի էր և արտահայտվում էր այդ միջանցքային ճնշման տրամաբանությունը և Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը, և, ինչպես տեղյակ եք, Ռուսաստանի կողմից ներկայացված այդ աշխատանքային խմբում փոխվարչապետի վերջին Հայաստան այցի ժամանակ նա հայտարարեց, որ ըստ էության Ռուսաստանի դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է Հայաստանի դիրքորոշման հետ առ այն, որ միջանցքային տրամաբանություն չի կարող լինել և բոլոր այն ճանապարհները, որոնք որ կվերաբացվեն, կկառուցվեն, լինելու են տվյալ երկրի սուվերենության ներքո։ Եվ սա ամբողջությամբ ըստ էության Ադրբեջանի այդ երկարատև, իրենց կողմից նախաձեռնված գործընթացի վախճանն է, որովհետև փաստացի եռակողմ այդ աշխատանքային խմբի երկու կողմը միաձայն պնդում են, որ չկա նման տրամաբանություն։ Եվ սա դրդեց Ադրբեջանին գնալ նմանատիպ մանր և ըստ էության վնասատու քայլերի, որոնք ժամանակավոր բնույթ են կրում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.