ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ։ Լիակատար աջակցություն եմ հայտնում համանախագահների ջանքերին և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել լարվածությունը և քայլեր ձեռնարկել՝ չլուծված խնդիրների կարգավորման համար», - Twitter-ում գրել է Անն Լինդեն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Համանախագահները կողմերին կոչ են անել կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմը հաղորդում է երկու մարտական դիրքի կորստի, 4 վիրավորի և 12 գերեվարվածների մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։