Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը կրկին Հայաստանին է մեղադրել սահմանային վերջին լարվածության համար


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ըստ պաշտոնական Բաքվի, Զաքիր Հասանովը կրկին Հայաստանին է մեղադրել սահմանային վերջին լարվածության համար ու պնդել, թե «հայկական կողմի սադրանքը վճռականորեն կանխվել է»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության, հայտարարել է, թե պատրաստ է աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանն ու իրավիճակի կայունացմանը։

Այսօր նաև հայկական կողմն է հաղորդել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի մասին։ Պաշտոնական Երևանի հաղորդմամբ, նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը «ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և պնդել, թե Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք՝ կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու վտանգի տակ դնելով բանակցային գործընթացը»:

Ըստ հայկական կողմի, Ռուսաստանի պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հեռախոսազրույցների մասին մանրամասներ դեռ չի հաղորդել։

XS
SM
MD
LG