Մատչելիության հղումներ

Պապիկյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի իր գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ Սուրեն Պապիկյանն Սերգեյ Շոյգուի հետ հառախոսազրույցում ընդգծել է, որ «ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմը հաղորդում է երկու մարտական դիրքի կորստի, 4 վիրավորի և 12 գերեվարվածների մասին:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG