Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը:

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին,12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

Ընդգծելով, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը՝ Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021-ի մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը:

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե «Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցում»։

Հիշեցնեմ՝ Գրիգորյանն այսօր հանդիպել է նաև Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի դեսպաններին։

XS
SM
MD
LG