Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դեռ երկու տարի առաջ վերաբացված գործով հարցաքննվել են ինչպես հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, այնպես էլ նրա հետ բանտում գտնվող եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները։ Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է մոտ մեկ տասնյակ մարդ, առայժմ, սակայն, որևէ նոր կասկածյալ չկա, «Ազատությանն» ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մինչ այսօր ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձինք հարցաքննվել են այդ գործով, այդ թվում նաև Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված բոլոր անձինք։ Վերաբացվել է կազմակերպիչների դրդիչների մասով քրեական գործի վարույթը, սակայն, ըստ էության, ամբողջական քննության առարկա են դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները», - նշեց Աբրահամյանը։
Դատախազությունը հաղորդում է, որ հարցաքննվել է նաև 22 տարի առաջ խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Հենց նրա դիմումի հիման վրա 2019-ին վերաբացվեց գործը։ Բախշյանը դեռ ոճրագործությունից հետո էր դատախազությանը խնդրել սպանության դրվագին զուգահեռ քննել նաև դրա կազմակերպիչների դրվագը, բայց մերժվել էր։
ԱԱԾ-ում վերաբացված գործով քննություն է տարվում կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ, ասաց Գոռ Աբրահամյանը։ Հարցաքննվածների ու հարցաքննության մանրամասներ դատախազությունը չի հաղորդում։
«Պարզել և գնահատականներ տալ այն պաշտոնատար անձանց շրջանակին և գործողություններին, որոնք ունեին նման դեպքերը կանխելու պարտականություն, այսինքն՝ հասկանալ, գնահատել նրանց կողմից հնարավոր անփութության դրսևորման կամ պաշտոնեական պարտականությունները չկատարելու և այլնի հետ կապված հանգամանքները», - մանրամասնեց դատախազի խորհրդականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 22-րդ տարելիցն է1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանել էր խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Անկախ Հայաստանի պատմության թերևս ամենաողբերգական դրվագներից մեկի նորաբաց գործի մասին ամիսներ առաջ խոսել էր վարչապետ Փաշինյանն Արարատում՝ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրում։ Փաշինյանը ընտրողների քվեն էր խնդրում նաև այս ոճրագործությունը բացահայտելու համար՝ ըստ էության, հայտարարելով, որ հաղթելու պարագայում իր իշխանությունը կպարտավորվի լույս սփռել գործի հանգամանքների վրա։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ կորոնավիրուսի պատճառով քննչական գործողություններ տեղի չեն ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են արյուն, շեշտում է ՓաշինյանըՎարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց, բայց նրա այդ հայտարարությունից ամիսներ անց էլ կասկածյալների շրջանակը հայտնի չէ։
Փաստաբան. Գործի վերաբացումը վկայում է քաղաքական կամքի մասին
Խորհրդարանի սպանված փոխնախագահի այրու փաստաբան Զարուհի Մեժլումյանն ասում է՝ շատ դժվար է բացահայտել 22 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը, բայց գործի վերաբացումը վկայում է քաղաքական կամքի մասին։
«Քաղաքական կամքը այնքանով, որքանով գործը վերաբացվեց 20 տարի անց, արդեն իսկ մենք գնահատել էինք, որ առկա է քաղաքական կամքը, հիմա թե ինչպես կլինի, ինչպես կգնա քննությունը, դա արդեն իսկապես ժամանակի խնդիր է, և աշխատանքը մենք պետք է, բնականաբար, տեսնենք», - ասաց նա։
Այս գործով կարևոր են 1999-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի ցուցմունքները, կարծում է Անահիտ Բախշյանի փաստաբանը։ Արդյոք նրանք հարցաքննվե՞լ են՝ դատախազությունը, ինչպես նաև Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չեն բացահայտում։
«Այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաներ, ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, պարզապես ոչ պաշտոնյա անձինք, բնականաբար, բոլոր կողմերը պետք է լսվեն, ովքեր այս կամ այն կերպ կարող էին տիրապետել կամ տիրապետել են ինֆորմացիայի», - նշեց Մեջլումյանը։
Գլխավոր դատախազությունից հավելում են, որ ոճրագործության կազմակերպիչների բացահայտումը մի քանի գործոններով է պայմանավորված։ Նախ, 20 տարուց ավելի ժամանակ է անցել, կարևոր անձինք, որոնք հետաքրքրություն են ներկայացնում քննության համար, կյանքից հեռացել են: Այս պահին նաև նշանակված փորձաքննություն կա, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։