Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասը կուղարկվի նոր քննության


Գլխավոր դատախազությունը բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ:

Ահաբեկչության օրը ամուսնուն՝ Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանին կորցրած Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը ծանոթացել է կարճած մասի 17 հատորին ու վստահ է, որ «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական բացահայտման բոլոր հնարավորությունները կան:

«Այո, կան նյութեր, որոնք հիմք են տալիս շարունակելու նախաքննությունը՝ անելու լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, կան էդպիսի դրվագներ, որոնք չեն հասցվել ավարտին։ Այսինքն՝ ձեռք է բերվել մեկ փաստական տվյալ, որի հետևից անշուշտ պետք է գնալ։ Առողջ տրամաբանությունը հուշում է և քննչական գործողությունները անշուշտ պետք է այդ ուղղությամբ ընթանային, բայց, օրինակ, այդ ուղղությամբ չեն զարգացել», - ասաց Մեջլումյանը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, մեկ նախարար և հինգ պատգամավոր: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկը՝ 17 տարվա ազատազրկման:

Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճման մասին որոշումը չստանալու մասին տուժողների իրավահաջորդները տարիներ շարունակ բարձրաձայնել են, բայց ապարդյուն:

Անահիտ Բախշյանը դատախազություն դիմել էր այս տարվա դեկտեմբերի 18-ին, այն բանից հետո, երբ լսել էր, որ գլխավոր դատախազի խորհրդականը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ եթե տուժողների իրավահաջորդները դիմեն, իրենք կտրամադրեն այդ նյութերը: Բախշյանի դիմումին ի պատասխան դատախազությունն իսկապես տրամադրել է գործի բոլոր 57 հատորները, այդ թվում՝ կարճված մասի 17 հատորը, որի բովանդակությանը տուժող կողմը մինչև օրս ծանոթ չի եղել: Դատախազության նման որոշումը պայմանավորված է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, վստահ է Յուրի Բախշյանի այրին:

«Միանշանակ քաղաքական իշխանության փոփոխության արդյունք է, որովհետև երբ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի բակում, հիշում եք մեր հարցազրույցը, այնտեղ ես ասացի, որ ես լավ չեմ լինի մինչև չբացահայտվի, և պարոն վարչապետն ասաց՝ պիտի լինեն նոր հանգամանքներ, որ նորից բացվի, այդ հանգամանքները այդ գործի մեջ են։ Այդ գործն արդար, անկաշառ, պետականամետ քննիչների մի խումբ կարող է դնել և շատ-շատ հարցերի պատասխան տա։ Սա դեռ չի նշանակում ոչինչ, ես ուզում եմ հասկանալ՝ իսկապես ինչքանով կա այն քաղաքական կամքը պետության կողմից, որ որպես տուժող ինքը ըստ արժանվույն պաշտպանի իրեն», - ասաց Բախշյանը։

Գործի այս մասը ժամանակին կարճելու հիմնավորումը հանցակազմի բացակայություն էր, և այն նորից բացելու հիմնավորումը ոչ թե նոր փաստական հանգամանքների ի հայտ գալն է, այլ այն, որ «խախտվել են տուժողի իրավահաջորդի՝ նոր գործի անջատման և դրա ընթացքի, նախաքննության ավարտման մասին ծանուցվելու, գործի նյութերին ծանոթանալու իրավունքները։

«Նոր քննություն կսկսվի և հետևաբար մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր միջնորդությունները, մեր ասելիքը և տուժողը կունենա բավարար հնարավորություններ իր իրավունքները իրացնելու», - նշեց փաստաբանը։

Նախաքննությունը կշարունակի Ազգային անվտանգության ծառայությունը: Այս հանգամանքը մտահոգում է Անահիտ Բախշյանին. «Էդ ամբողջ նյութերը ԱԱԾ-ի մեջ է թաղված, այսինքն՝ իրենք են հիմա բացահայտելո՞ւ իրենց սխալները։ Ես էդտեղ խնդիր եմ տեսնում»։

Հարցին այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով, որ սա Հայաստանի պատմության ամենազգայուն էջերից մեկն է։

«Վկաները, գիտե՞ք, մեր մասը անհասկանալի պայմաններում մահացել են, կարևոր վկաները, բայց կան նաև շատ ավելի կարևոր վկայություն տվողներ, բայց կարևոր վկայությունների մեջ ես միայն չեմ տեսնում Նաիրի Հունանյանի վկայությունը, էստեղ շատ ավելի խորքային քննության իր բոլոր բարդություններով գործընթաց պետք է սկսվի և դատախազի որոշումը նշանակում է սկսել մի գործողություն, որին պետք է սկզբից պատրաստվել հետո իրականացնել», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

XS
SM
MD
LG