Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործից կարճված մասի քննության համար ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել


Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն Ազգային ժողովի այգում, արխիվ
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն Ազգային ժողովի այգում, արխիվ

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասի քննությունն իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննչական խումբ է ստեղծվել, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ազատությունը» դիմեց նաև ԱԱԾ՝ մանրամասներ ստանալու նպատակով, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ԱԱԾ-ում քննչական խմբի ստեղծումը պայմանավորված չէ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումով։

«Չեմ ուզում պայմանավորել, որ այդ բողոքի քննարկման շրջանակներում է դա եղել, դա դատավարական պրոցես է, այսինքն՝ որոշումը կայացվել է հիմնականում գործի քննության, այսինքն՝ վարույթի օբյեկտիվությունը, ամբողջությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով», - ասաց Աբրահամյանը:

Հարցին՝ Անահիտ Բախշյանը խնդրել էր, որ այդ գործի քննությունը հանձնարարվի Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), սակայն այդ մասով մերժվել է, ո՞րն է պատճառը, դատախազի խորհրդականը պատասխանեց. - «Հիմնական պատճառը նա է, որ քննչական ենթակայությունը որոշել է սահմանված կարգով, այսինքն՝ պատշաճ ենթակայություն է համարվել հենց ԱԱԾ-ի վարույթին հանձնելը գործի քննությունը, բացի դրանից, ինքը նաև վիճարկել էր որպես վարույթ իրականացնող մարմնի ԱԱԾ-ին հանձնելու հանգամանքը, բայց սովորաբար բացարկի հետ կապված միջնորդությունները պետք է ներկայացվեն վարույթն իրականացնող քննիչի կապակցությամբ, իսկ դրա վերաբերյալ իր կողմից որևէ փաստարկ, հիմնավորում չի ներկայացվել»:

Ինչ վերաբերում է գործից կարճված մասի քննության համար առանձին քննչական խմբի ստեղծմանը, ապա Աբրահամյանը մանրամասնեց. - «Հաշվի առնելով գործի կարևորությունը, նշանակությունը, նաև ողջ ծավալով քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը՝ քննչական խումբ ձևավորելու մոտեցումը տրամաբանական է և լրիվ օրինաչափ»:

Թե ով է լինելու քննչական խմբի ղեկավարը, առայժմ հայտնի չէ:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, անցած տարվա դեկտեմբերի 18-ին դիմեց Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Մոտ մեկ շաբաթ անց Գլխավոր դատախազությունը բավարարեց դիմումը, սակայն հրաժարվեց գործի քննությունը հանձնել ՀՔԾ-ին, ինչպես պահանջում է Անահիտ Բախշյանը, որը թերահավատ է, թե ԱԱԾ-ն կկարողանա օբյեկտիվ քննություն վարել։

Միևնույն ժամանակ դատախազությունը տրամադրել է գործի բոլոր 57 հատորները, այդ թվում՝ կարճված մասի 17 հատորը, որի բովանդակությանը տուժող կողմը նախկինում ծանոթ չի եղել:

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր։

Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով` իրենք անհրաժեշտ հիմնավորումները ներկայացրել էին, թե ինչու են ցանկանում, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործն ԱԱԾ-ն չքննի. - «Նախաքննության գաղտնիքով պայմանավորված՝ չեմ կարող առավել շատ ինֆորմացիա տալ փաստական տվյալների հետ կապված, այնուամենայնիվ հենց փաստական տվյալներն էին մեզ բերել այն համոզման, տիկին Բախշյանին, որ քննչական ենթակայությունը պետք է փոխվի: Դրանք պայմանավորված են գործում առկա փաստական տվյալներով, այսինքն՝ առնչությունը կոնկրետ այդ մարմնի հետ, որտեղ որ պետք է հիմա կատարվի քննչական գործողությունը»:

Ճշտմանը՝ առնչությունը Հոկտեմբերի 27-ին, Մեջլումյանն ասաց. - «Հոկտեմբերի 27-ին խմբի ղեկավարի առնչությունը, այսինքն՝ կանխելու հետ կապված որոշ մանրամասներ, ինչպես չի կանխվել»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 1 նախարար և 5 պատգամավոր: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկը՝ 17 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG