5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ետպատերազմյան իրավիճակում, և շատ ագրեսիով ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել: Այսօր Արագածոտնի մարզ այցելության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ուզում եմ արձանագրել, որ այն վիճակը, որ Հայաստանում ունենք, աննախադեպ է, որովհետև պատերազմից հետո տևած այդ հինգ ամսվա հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից, ըստ էության, այո, այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այս հակադրության ընթացքում մեզ հաջողվել է քաղաքացիական բախումներից խուսափել», - ասաց նա` հավելելով, որ դա ժողովրդի ձեռքբերումն է:
Ըստ նրա` այս պայմաններում, այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են` Հայաստանում արյուն հեղվի. «Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել Հոկտեմբերի 27-ի արյունով, չեն հագեցել Մարտի 1-ի արյունով, այդ մարդիկ չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Եվ այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ»:
Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, իսկ ավելի վաղ էլ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Չնայած սրան, շաբաթներ շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահած «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ ասաց, որ փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
«Խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, առաջինը, վարչապետը տա հրաժարական, ընդ որում՝ երկու անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը և Հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ: Այսինքն՝ այն ֆեյսբուքյան ստատուսը, որ տեղի են ունենալու հունիսի 20-ին ընտրություններ, և դա վերջնական է, մեր մոտ հավատ չի ներշնչում», - ընդգծել էր Սաղաթելյանը: