«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը ստացել է գլխավոր դատախազին ուղղված «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը կարճելու մասին որոշման դեմ բողոքի պատասխանը։
«Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին», - գրել է Բախշյանը։
Գխավոր դատախազությունից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը՝ հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը կարճելու և նոր քննություն սկսելու միջնորդությունը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։
Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։