AstraZeneca-ի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերը, նախարարի հավաստմամբ, հաշվի են առնվելու

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ՝ AstraZeneca պատվաստանյութի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերը հաշվի են առնվելու։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նախարարն ընդգծեց՝ պատվաստումների հետ կապված պրոցեսներն իրենց մեջ բացի մասնագիտականից ներառում են նաև քաղաքական, տարածաշրջանային և այլ նրբություններ, որոնք պետք է զտել և միայն հենվել մասնագիտական եզրակացությունների վրա։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը մասնագիտական խուրհուրդը իր հերթական նիստը կգումարի, կքննարկի բոլոր հանգամանքները, փաստարկված որոշում կկայացնի, որի հիման վրա էլ նախարարությունը կշարժվենք առաջ։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Գալով պատվաստանյութին՝ Հայաստանը, հիշեցնենք, առաջին փուլում AstraZeneca-ի վրա է կանգ առել, որն առնվազն խնդրահարույց է որակվում: Որոշ երկրներ լրացուցիչ ստուգումների սպասեցին՝ միաժամանակ կասեցնելով։ Վրաստանում բուժքրոջ մահվան դեպքն որոշակիորեն արգելակեց պատվաստումների տեմպը։ Ինչո՞ւ հենց սա ընտրվեց, տիկին Ավանեսյան։

Անահիտ Ավանեսյան․ - Հայաստանը նոյեմբերին մասն կազմեց COVAX FACILITY հարթակին, որը ստեղծվել է բազմաթիվ երկրների միանալով և միջազգային կառույցների։ Փորձել են միասնական բանակցային ճակատ կազմել և լավագույն պայմաններն ապահովել, որպես միջնորդ կազմակերպություն։ Ինքը շրջանակային պայմանագիր է, որի շրջանակներում ունենում ենք բացվող առաջարկներ։ AstraZeneca-ի կողմից ևս արված առաջարկը, մեր մասնագիտական խորհուրդը դիտարկելուց հետո, որոշում կայացրեց, որ այնուամենայնիվ ռիսկերը և արդյունավետությունը հաշվի առնելով և հիմնվելով մասնագիտական կառույցների եզրակացության վրա, խորհուրդ տվեց Հայաստանին ձեռք բերել։ Բոլորն էլ այդ հարթակից օգտվում են, և որոշումները կայացվում են ըստ այդ պահին մասնագիտական կառույցների կողմից տրված տեղեկատվության, առաջարկի, երկրի հնարավորությունների։

Այս պահին էլ մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք արվող բոլոր հետազոտություններին, և ուրբաթ օրը մեր մասնագիտական խորհուրդը հերթական իր հանդիպման ընթացքում կքննարկի այս պահին առկա և՛ Եվրոպական միության, և՛ ԱՄՆ-ի, և՛ ԱՀԿ-ի կողմից փաստացի արված եզրահանգումները և կտա մեզ խորհրդատվություն, թե որ տարիքայինից է AstraZeneca-ն օգտագործվելու և մի շարք այլ հանգամանքներ։

«Ազատություն»․ - Ի դեպ, եթե ծանոթ եք, երեկ Գերմանիան որոշեց այնուամենայնիվ ձեռնպահ մնալ 60-ից ցածր տարիքի մարդկանց պատվաստել, որովհետև թրոմբային խնդիրներ են մոտ 60 մարդու մոտ առաջացել։ Հայաստանը կոնկրետ երկրների օրինակին է հետևելո՞ւ, կամ գուցե Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին։ Ինչպե՞ս է դա մեզ մոտ որոշվելու։

Անահիտ Ավանեսյան․ - Մենք հետևում ենք կոնկրետ երկրների կողմից կայացված որոշումներին, բայց, իհարկե, հաշվի ենք առնում մասնագիտական կառույցների եզրահանգումները։ Նշեմ, որ պատվաստումների հետ կապված պրոցեսներն իրենց մեջ բացի մասնագիտականից, ներառում են նաև քաղաքական, տարածաշրջանային, և այլ շատ նրբություններ, որոնք պետք է զտել և միայն հենվել մասնագիտական եզրակացությունների վրա։

«Ազատություն»․ - Բացառված չէ՞, որ մեզ մոտ էլ դրվի էդ տարիքային շեմը AstraZeneca-ի համար։

Անահիտ Ավանեսյան․ - Ես դրա համար նշեցի, որ ուրբաթ օրը խուրհուրդը իր հերթական նիստը կգումարի և կքննարկի բոլոր հանգամանքները, փաստարկված որոշում կկայացնի, որի վրա մենք կշարժվենք առաջ։

«Ազատություն»․ - Իսկ ռուսականը ե՞րբ և ի՞նչ չափաբաժնով է գալու։

Անահիտ Ավանեսյան․ - Ռուսականը մոտակա ժամանակներում կգա։ Բոլոր երկրներում էլ փորձում են արտադրական քանակները հնարավորինս հավասարապես բաշխել։ Հույս ունենք, մոտակա ժամանակ պետք է լինի։

«Ազատություն»․ - AstraZeneca-ն երբ ասվում է 24 հազար չափաբաժին, նշանակում է 12 հազար մարդ։

Անահիտ Ավանեսյան․ - Այո, 12 հազար մարդու համար է։ AstraZeneca-ն առաջին և երկրորդ պատվաստումների միջև ժամանակահատվածը պետք է 8-12 շաբաթ լինի։ Հերթագրումներ կան, սկսվել են։ Երկար ցանկ ունենք ցանկացողների, ովքեր ուզում են օր առաջ պատվաստվել, և մեզ համար դա շատ ուրախալի է, որ քաղաքացիները հասկանում են պատվաստման դերը։ Մենք պետք է գիտակցենք, որ բնականոն կյանքին վերադառնալու ամենագործուն մեխանիզմներից մեկը պատվաստանյութն է։

«Ազատություն»․ - Վարչապետը ասել է, որ պետք է ակտիվացնել տեսչական ստուգումները հանրային տրանսպորտում, փակ տարածքներում և այլն։ Այնուամենայնիվ, նույն ինքը՝ վարչապետը ամեն շաբաթ-կիրակի մարզային բազմամարդ հավաքներ է անցկացնում, դրանից առաջ Երևանում։ Դուք չե՞ք կարծում, որ դա պետական համակարգից առնվազն վատ ուղերձ է՝ որ էնքան էլ լուրջ չէ էս վիրուսը, երբ մարդը հեռուստացույցով տեսնում է այդպիսի հավաքներ։

Անահիտ Ավանեսյան․ - Մեր կանոններով, հանրահավաքները այս պահին թույլատրված են, և որևէ օրենքի խախտում չկա հանրահավաքներ կամ դրսում որոշակի միջոցառումներ անցնելու․․․ Մարդկային կուտակումները միանշանակ մեծացնում են վարակի փոխանցման ռիսկը։ Բայց մենք ունենք կանոն դիմակների կրման, որը անհրաժեշտ է պահպանել։ Եթե կհիշեք, և՛ ԱՄՆ-ում, և՛ մի շարք երկրներում այս ամբողջ տարվա ընթացքում հանրահավաքներ իրականացվել են։ Եվ եթե հեռուստատեսությամբ էլ անգամ նայեք, հիմնականում մարդիկ դիմակներով են լինում հանրահավաքներին, անգամ բաց տարածքներում դիմակով են լինում։ Սա շատ կարևոր միջոց է պաշտպանվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․