COVID-19 հիվանդության դեմ պայքարելու թեմայով Եվրամիության ղեկավարների այսօրվա գագաթնաժողովին ընդառաջ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը երեկ հրապարակել է իր ստեղծած պատվաստանյութի արդյունավետության մասին նոր զեկույց, ըստ որի այն հասնում է 76 տոկոսի:
Ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, այդ պատվաստանյութի արդյունավետությունը 79 տոկոս է գնահատվել:
AstraZeneca-ի վակցինան մեծ նշանակություն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ միջազգայնորեն ճանաչված այլ պատվաստանյութերի համեմատությամբ այն ավելի էժան է և ավելի դյուրին է փոխադրվում:
Եվրոպայում AstraZeneca-ի հետ կապված հիմնական խնդիրը դրա պակասն է, քանի որ ընկերությունը չի հասցնում պահանջված քանակով դեղաչափեր արտադրել: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն ասել է, որ անհրաժեշտ է ամեն բան անել Եվրամիության տարածքում բնակիչների պատվաստումն արագացնելու համար:
Այսօրվա գագաթնաժողովում Եվրամիության լիդերները նաև քննարկելու են «պատվաստման անձնագրեր» թողարկելու հարցը: Նման փաստաթղթեր ստացած մարդիկ կկարողանան ամռան ամիսներին անարգել այցելել Եվրամիության երկրներ: