Բրիտանիայի և Ֆրանսիայի վարչապետերը նախընտրեցին AstraZeneca-ն
Եվրոպական մի շարք երկրներ հայտնել են, որ վերսկսում են կորոնավիրուսի դեմ բնակիչների պատվաստումը AstraZeneca-ի վակցինայով: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, մանրամասն վերլուծելով ներարկումներից հետո գրանցված արյունահոսության, տրոմբոցիտների քանակի նվազեցման և արյան մակարդման ոչ մեծաթիվ դեպքերը, հայտարարել է, որ չնայած այդ տհաճ հանգամանքներին՝ AstraZeneca-ի վակցինան ապահով է և արդյունավետ, և դրա օգուտն ավելի մեծ է տեսական վտանգի համեմատությամբ:
«Այս պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է Կովիդ-19-ի դեմ, և դրա օգուտները գերազանցում են ռիսկերը, ըստ մեր գործակալության` այս վակցինայի որակի կամ խմբաքանակի հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- ասել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության ռիսկերի գնահատման կոմիտեի ղեկավար Սաբինա Շտրաուսը:
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բուլղարիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են պատվաստումը: Բրիտանա-շվեդական AstraZeneca-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների աջակցությամբ:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միացել է վակցինան պաշտպանելու քարոզարշավին և երեկ երեկոյան հայտնել, որ մարտի 19-ին ինքն էլ է պատվաստվելու:
«Օքսֆորդի վակցինան անվտանգ է, Pfizer-ինն անվտանգ է, վտանգավորը կորոնավիրուսով վարակվելն է, շատ կարևոր է, որ բոլորս՝ երբ գա հերթը, որքան հնարավոր է արագ պատվաստվենք, անձամբ ես վաղը կստանամ Oxford/AstraZeneca-ի վակցինայի իմ առաջին դեղաբաժինը»,- ասել է վարչապետը:
Բորիս Ջոնսոնի օրինակին է հետևելու նաև նրա ֆրանսիացի պաշտոնակիցը: Ֆրանսիայում մտադիր են շարունակել բնակիչների պատվաստումն AstraZeneca-ի վակցինայով:
«Այո, աշխատանք կպահանջվի AstraZeneca-ի վակցինայի հանդեպ վստահությունը վերականգնելու համար: Ի դեպ, այսօր վարչապետ Ժան Կաստեքսն է ստանալու AstraZeneca-ի դեղաբաժինը, այդպես նա ցույց կտա, որ այդ նյութն ապահով է և արդյունավետ»,- ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը:
Բնակիչներին պատվաստելու կարևորության մասին է մտածել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշիլին, ով երեկ Թբիլիսիում AstraZeneca-ի դեղաբաժին է ստացել:
«Այսօր պատվաստվեցի, ես ռիսկի խմբում չեմ, հիմա Վրաստանում նախևառաջ պատվաստում են բուժաշխատողներին, ովքեր ամիսներ շարունակ տաժանակիր աշխատանքով պայքարում են համավարակի դեմ, ես հերթից առաջ անցա, որ ցույց տամ բնակիչներին, թե որքան կարևոր է ժամանակին վակցինա ստանալ: Բոլորիդ առողջություն եմ մաղթում»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ախալցխայի ողբերգությունը
Մարտի 13-ին Վրաստանը ստացել է AstraZeneca-ի 43 հազար դեղաչափ, ավաղ, դրանցից մեկը ճակատագրական էր 27-ամյա բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի համար:
Երիտասարդ կինն աշխատել է Ախալցխայի հիվանդանոցում: AstraZeneca-ի ներարկումից հետո նրա մոտ անմիջապես սկսվել է այսպես կոչված «աֆիլակտիկ շոկ»՝ ծանր ալերգիկ ռեակցիա:
Բուժքույրը հայտնվել է կոմայի վիճակում, նրան Ախալցխայից շտապ տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց, որտեղ, թվում էր, թե կայունացրել են սրտի աշխատանքը, սակայն այսօր առավոտյան բուժքույրը վախճանվել է, Վրաստանի պատկան մարմինները հետաքննություն են սկսել:
Մասնագետների պնդմամբ, պատվաստումների ծրագիրը պետք է շարունակել
Դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ պատահում են այսօրինակ ողբերգություններ: Մասնագետները պնդում են, որ վակցինան ներարկելուց առաջ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու առողջական վիճակը, քննել կողմնակի ազդեցության դեպքերը, պետք է փորձել բացառել ռիսկերը և շարունակել զանգվածային պատվաստումը, այլապես Երկիր մոլորակը ճգնաժամի հասցրած կորոնավիրուսը չի նահանջի: