«Կոչ եմ անում բոլորին պատվաստվել այս դեղամիջոցով»,- անցած շաբաթ տեսախցիկների առաջ հայտարարում էր AstraZeneca-ի պատվաստանյութով սրսկվող վրաց բուժքույր Մեգի Բակրաձեն։ Սրանք 27-ամյա կնոջ վերջին բառերն էին։
Պատվաստվելուց հետո նա կորցրել է գիտակցությունը, ապա մի քանի ժամ կոմայում մնալուց հետո մահացել։ Ըստ նախնական պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է՝ ծանր ալերգիկ ռեակցիան։
Վրաց բուժքույրը աշխարհում առաջինն է, որը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիայի պատճառով։
Վրաստանը ցնցած այս ողբերգական դրվագով էլ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, որն արդեն ձախողման է դատապարտված, հայտարարում են առողջապահական ոլորտի ներկայացուցիչներն ու սոցհարցումների արդյունքները։
«Մենք կանգնած ենք լրջագույն վտանգի առաջ, նկատվում է պատվաստման աննախադեպ պասիվություն, հսկայական հոռետեսություն»,- ասել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն` հավելելով, - «Կա երկու ճանապարհ՝ պատվաստանյութ կամ սահմանափակումներ՝ սարսափ, որը մեզ ուղեկցել է ողջ 2020 թվականի ընթացքում»։
Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca-ի 43 հազար 200 չափաբաժին Վրաստանը ստացել է մարտի 13-ին։ Գործընթացը սկսվել է մարտի 15-ին։ Երկրի 70 հազար բուժաշխատողներից, որոնց համար նախատեսված էր այդ պատվաստանյութը, առաջին շաբաթում պատվաստվել են միայն չորս հազարը։
«Մենք պետք է աշխատենք պատվաստանյութի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Եվ հիմնականում այդ աշխատանքը պետք է կատարի բուժանձնակազմը։ Եթե բժիշկը կամ բուժքույրը չեն վստահում պատվաստմանը, ապա նրանք ինչպե՞ս կարող են համոզել բնակչությանը», - հայտարարում էր առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Սակայն չկարողանալով այդ բացը ինքնուրույն լրացնել` առողջապահական ոլորտի ներկայացուցիչները օգնություն են խնդրել Վրաց ուղղափառ եկեղեցուց։
«Խնդրում ենք ձեզ աջակցել բժիշկներին այս ժամանակահատվածում և համագործակցել, քանի որ մարդիկ ձեզ շատ են վստահում, հաճախ ավելի շատ ձեզ, քան մասնագետներին», - դիմելով երկրի թերևս ամենաազդեցիկ կառույցին` ասել էր Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։
Բնակչության շրջանում անվերապահ վստահություն վայելող հոգևոր կառույցը, մինչդեռ, այս անգամ նախընտրեց չխառնվել աշխարհիկ գործերին։
«Եկեղեցին չի կարող ստանձնել պատվաստանյութի առաջ մղման պատասխանատվությունը և իր վրա վերցնել բուժաշխատողների իրավասությունը»,- ի պատասխան հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Անդրիա Ջաքմաիձեն։
Վրաստանը մեկի փոխարեն արդեն երկու տեսակի պատվաստանյութ ունի՝ Astrazeneca-ից բացի, այսօրվանից նաև Pfizer, որով կարող են պատվաստվել 65-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները:
Մինչև տարեվերջ իշխանությունները մտադիր են պատվաստել բնակչության առնվազն 60 տոկոսին։ Մինչդեռ փետրվարին՝ դեռևս մինչև բուժքույր Մեգի Բաքրաձեի ողբերգական մահը իրականացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Վրաստանի բնակչության ընդամենը 35 տոկոսն է պատրաստ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքների համաձայն` Վրաստանի շուրջ չորս միլիոն բնակչության 53 տոկոսը չի ցանկանում պատվաստվել, շուրջ 20 տոկոսը հայտարարել է, որ կարող է համավարակը հաղթահարել առանց պատվաստման, իսկ 10 տոկոսն էլ պնդել է, որ չի գնա այդ քայլին` առողջական խնդիրների պատճառով։ Ընդ որում, հետազոտությունը վկայում է, որ մինչև 55 տարեկան անձինք պատվաստմանն ավելի թերահավատորեն են վերաբերվում, քան համեմատաբար տարեցները։
Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշներով Վրաստանը մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով աշխարհում 20-րդն է. համեմատության համար նշենք` հարևան Հայաստանը՝ 33-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 82-րդ։ Մեկ տարվա ընթացքում Վրաստանում վարակվել է ավելի քան 271 հազար մարդ, մահացել են 3 հազար 732-ը։