Աշխարհը ուշադիր հետևում է Բելառուսին, հնչում են նոր ընտրություններ անցկացնելու կոչեր

Լիտվայի և Լատվիայի խորհրդարանները այսօր բանաձևեր են ընդունել, Բելառուսին կոչ անելով նախագահական նոր, թափանցիկ ընտրություններ անցկացնել, ինչպես նաև Եվրամիությանն աջակցություն են հայտնել պատժամիջոցներ սահմանել բելառուս պաշտոնյաների հանդեպ, որոնք պատասխանատու են ընտրությունների արդյունքները կեղծելու ու մարդու իրավունքները խախտելու համար։

Բանաձևը նաև Բելառուսի իշխանություններին կոչ է անում անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ՝ խուսափելու համար հետագա բռնություններից։

Լատվիայի խորհրդարանի բոլոր 80 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, Լիտվայի խորհրդարանում 120 պատգամավոր է կողմ քվեարկել, երկուսը՝ ձեռնպահ։ Ոչ ոք դեմ չի քվեարկել։

Օգոստոսի 9-ի Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընտրություններից հետո անվտանգության նկատառումներից ելնելով մեկնել է Լիտվա, որտեղից հայտարարեց, թե պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համառոտ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած իր հեռախոսազրույցին։

«Այսօր խոսել եմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ և շեշտել, որ հավաքների ազատությունները պետք է երաշխավորված լինեն երկում, (Բելառուսում) բանտարկյալները պետք է ազատ արձակվեն և պետք է ազգային երկխոսության միջոցով խնդիրները խաղաղ լուծվեն։ Մենք այդ հարցերը վաղը քննարկելու ենք», - նշել է Անգելա Մերկելը։

Վաղը՝ օգոստոսի 19-ին, Եվրամիության առաջնորդները մտադիր են արտահերթ տեսակոնֆերանս անցկացնել՝ քննարկելու Բելառուսի իրավիճակը: Իսպանիայի արտգործնախարարն այսօր հայտնել է, որ նաև քննարկվելու է Մինսկում բռնությունների և ընտրակեղծիքներին առնչություն ունեցող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Բելառուսում խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու, մարդկանց ձերբակալությունների և անվտանգության ուժերի կողմից ենթադրյալ բռնի գործողությունների կապակցությամբ:

Ուկրաինայի կառավարությունը խորհրդակցությունների նպատակով Բելառուսից հետ է կանչել իր դեսպանին՝ գնահատելու Բելառուս-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները նոր իրավիճակում։

Կիևին զայրացել է, որ Մինսկը Ռուսաստանին հանձնեց ընտրություններից առաջ Բելառուսում ձերբակալված ռուսական «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններին, չնայած կասկածներ կային, որ ձերբակալվածների թվում հնարավոր է Ուկրաինայի արևելքում, Դոնեցկում, ռուսամետ անջատականների կողմից մարտական գործողություններին մասնակցած վարձկաններ լինեին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Մինսկը այդ մարդկանց Ռուսաստանին հանձնեց, չնայած առկա էին իրավական ու բարոյական հիմքերը նրանց Ուկրաինային հանձնելու համար։

ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ անդրադառնալով հետընտրական Բելառուսի իրադրությանը, ասել է, թե սարսափելի իրավիճակ է այնտեղ և շատ ուշադիր կհետևեն զարգացումներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Բելառուսում տիրող իրավիճակին:

«Ցուցարարների հանդեպ իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն: Ձերբակալված մարդկանց խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին պնդումները անհրաժեշտ է մանրամասն հետաքննել։ Գլխավոր քարտուղարը բոլոր բելառուսցիներին կոչ է անում ընտրություններից հետո ստեղծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, պահպանելով երկրի խաղաղությունը», - ասել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը։