Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, թե «երկրի դեմ իրականացվում է ագրեսիա «գունավոր հեղափոխության» սցենարով, ինչը շատ մեծ վտանգ է»:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, պետք չէ մեզ հանգստացնել, թե ցույցերը խաղաղ են, մենք գիտենք, թե ինչպես են կատարվում «գունավոր հեղափոխությունները», ավելին, արդեն նկատելի է նաև դրսի ուժերի միջամտությունը», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսում հետզհետե ավելի մեծ թվով գործարաններ են միանում համազգային գործադուլին, որով հանրությունն իր բացասական վերաբերմունքն է հայտում անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ:
Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և հաղթող է ճանաչվել:
Քվեների մոտ 10-ը տոկոսը վաստակած Սվետլանա Տիխանովսկայան, ով հիմա Լիտվայում է, աջակիցներին կոչ է անում բողոքի խաղաղ ակցիաներով պայքարել ռեժիմի դեմ:
Բելառուսի ոստիկանները չափազանց կոշտ գործողություններ են կիրառում ցուցարարների դեմ: Եվրոպական միությունը չի ճանաչում այդ ընտրությունները, դատապարտում է ռեժիմի կողմից ուժի անհամաչափ կիրառումը և մտադիր է խիստ պատժամիջոցներ սահմանել:
Համազգային գործադուլին միացել են «Գրոդնո Ազոտ» գործարանը, Ժաբինկայի շաքարի գործարանը, Մինսկի մեքենաշինական գործարանը և խոշոր մի շարք այլ միավորներ:
Լուկաշենկոն այսօր Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել է Բելառուսում ստեղծված վիճակը:
«Այսօր Բելառուսը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր ամբողջ միասնական պետության տարածքը»,- հայտարարել է Լուկաշենկոն: