Մատչելիության հղումներ

Պուտինը Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկել է Մերկելի, ապա Մակրոնի հետ


Ցույցերը Բելառուսում շարունակվում են, 18 օգոստոսի, 2020թ.
Ցույցերը Բելառուսում շարունակվում են, 18 օգոստոսի, 2020թ.

Բելառուսական ընդդիմությունը երեկ հայտարարել էր, որ ստեղծել է համակարգող խորհուրդ, որը պետք է բանակցի իշխանությունների հետ իշխանության խաղաղ փոխանցման շուրջ: Այսօր Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմության կողմից խորհրդի ստեղծումն իշխանության «զավթման փորձ է»:

«Ես ուզում եմ զգուշացնել բոլորին, ովքեր ընդգրկված են այդ խմբում, մենք ադեկվադ պատասխան քայլերի ենք գնալու օրենքի սահմաններում: Մենք բավականին միջոցներ ունենք այդ տաք գլուխները հովացնելու համար», - հայտարարել է Լուկաշենկոն:

Հետաքրքիր է, որ մինչ այս հայտարարությունը Բելառուսում​ ստեղծված իրավիճակը հեռախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է նախ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, հետո էլ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցները կայացել են արևմտյան երկրների առաջնորդների նախաձեռնությամբ:

Դիտորդները դժվարանում են կանխատեսումներ անել` միջամտելու է Կրեմլը բելառուսական իրադարձություններին, թե ոչ: Կրեմլի մամլո հաղորդագրությունների համաձայն` հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է «հանրապետության ներքին գործերի արտաքին միջամտության ցանկացած փորձի անընդունելիությունը»: Այս հաղորդագրություններից և ընդհանրապես Մոսկվայի արձագանքից պարզ չէ` արտաքին միջամտության տակ արդյոք Կրեմլը հասկանում է նաև Մոսկվայի միջամտությունը, թե Մոսկվան համարում է, որ Բելառուսի, որի հետ Ռուսաստանը 1999թ. Միութեանական պետության մասին պայմանագիր է կնքել, արտերկիր չէ:

Դաշնային հեռուստաընկերությունները երեկվանից նկատելիորեն փոխել են տոնայնությունը և ավելի կոշտ են սկսել քննադատել Լուկաշենկոյին, մինչդեռ վերջինս, ում արևմուտքը չի ճանաչում որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, շարունակում է ակնկալել աջակցություն Մոսկվայից և պնդում է, որ «դրսի ուժերի կողմից կոորդինացվող ցույցերը» Բելառուսում ուղղված են նաև Ռուսաստանի դեմ:

Նկատենք, Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, երկրում հայտարարվել է համընդհանուր գործադուլ: Ցուցարարների կողմ են անցնում ոչ միայն խոշոր գործարանների աշխատողները, բժիշկները, երաժիշտները, այլ նաև պետական ապարատի ներկայացուցիչները: Ցուցարարների կողմ է անցել մասնավորապես Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, ով իր տեսաուղերձում ասել է. - «Ինչպես և բոլոր բելառուսցիները, ես շոկի մեջ եմ իմ երկրի քաղաքացիների հանդեպ կտտանքների և ծեծի պատմություններից»:

Մինչդեռ Լուկաշենկոն այսօր առավոտյան ուժային գերատեսչությունների ավելի քանի 300 ներկայացուցիչների պարգևատրել է պետական մեդալներով անթերի ծառայության համար: Պարգևատրվածների թվում է Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Խազալբեկ Աթաբեկովը: Հենց նրա ստորաբաժանումներն են մասնակցել օգոստոսի 9-ի ընտրություններից հետո բողոքի ցույցերը ցրելու գործողություններին:

Հիշեցնենք, որ բելառուսցի իրավապահներին հանգստյան օրերին տեղի ունեցած աննախադեպ մարդաշատ ակցիաների և ամբողջ երկրում մեկնարկած գործադուլի ֆոնին` դադարել են ցրել ցուցարարներին: Բելառուսցիներին արդեն դաժանաբար չեն ծեծում, իսկ ձերբակալվածների մեծ մասին էլ արդեն ազատ են թողել:

Երեկ տեսաուղերձով էր հանդես եկել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով Լիտվայում է գտնվում, և ում հետ արդեն կապ են հաստատել արևմտյան առաջնորդները: տեսուղերձում նա ասել էր, թե պատրաստ է ստանձնել ազգային առաջնորդի պատասխանատվությունը և երկիրը նախապատրաստել նոր, արդար ընտրությունների: Այսօր Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որում ամուսնուն` ձերբակալված Սերգեյ Տիխանովսկուն, շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ. - «Ամուսինս` Սերգեյ Տիխանովսկին խնդրում է, որ ես ձեզ փոխանցեմ իր խոսքերը: Նա և մյուս քաղբանտարկյալները նստած են, բայց նա խնդրում է, որ դուք չնստեք, այլ ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկիրը դառնա ապրելու երկիր: Ծնունդդ շնորհավոր, Սերգեյ»:

Երեկ ուշագրավն այն էր, որ Լուկաշենկոն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է թողնել իշխանությունը, սակայն միայն սահմանադրական հանրաքվեից հետո: Պաշտոնական տվյալների համաձայն` առնվազն 3 մարդ զոհվել է այս օրերին, տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG