Մատչելիության հղումներ

Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները, ձերբակալվել է ավելի քան 6000 հոգի


Մինսկում շարունակվում են բողոքի ակցիաները, Ֆիլհարմոնիայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, 13 օգոստոսի, 2020թ.
Մինսկում շարունակվում են բողոքի ակցիաները, Ֆիլհարմոնիայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, 13 օգոստոսի, 2020թ.

Այսօր գործադուլ են հայտարարել բելառուսական մի շարք հիմնարկներում ՝ «Գրոդնոազոտ»-ում, «Բելազ»-ում, Բելգոսֆիլհարմոնիայում, «Գրոդնոժիլստրոյ»-ում և այլն: Եվ սա թերևս ամենակարևորն է, ինչ տեղի է ունեցել իշխանությունների դեմ այս շարժման արդյուքնում:

Երեկ, հիշեցնեմ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե ցուցարարների կորիզը քրեական անցյալով գործազուրկ մարդիկ են, իսկ այսօր իշխանությունների դեմ են դուրս եկել նախկինում Լուկաշենկոյի ընտրազանգվածի հենասյունը համարվող աշխատողները։

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում հինգերորդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալների համաձայն, վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընտրություններին մասնակցած մյուս բոլոր թեկնածուները բողոքարկել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի մայրաքաղաքի մի քանի փողոցներում և պողոտաներում կանայք այսօր նորից ծաղիկներով, սպիտակ հագուստով և սպիտակ ժապավեններով «համերաշխության շղթա» են կազմել: Անցնող մեքենաների վարորդները նրանց ազդանշան են տալիս՝ ի նշան աջակցության։

Կան տեսագրություններ նաև այն մասին, որ ՕՄՕՆ-ի և միլիցիայի առանձին ներկայացուցիչներ հրաժարվում են իրենց ծառայողական վկայականներից և միանում են ցուցարարներին։

Օգոստոսի 9-ից ամբողջ երկրում բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել: ՕՄՕՆ-ն ու միլիցիան դաժանորեն ցրում էին ցույցերը, սակայն բելառուսցիները շարունակում են դուրս գալ փողոցներ ու հրապարակներ: Օգոստոսի 9-ից երկրում արգելափակված էր համացանցն ու բջջային կապը, երեկվանից ինտերնետը նորից գործում է: Համացանցում տարածվում են հարյուրավոր տեսագրություններ, որոնք վկայում են, թե ինչ աննախադեպ դաժանությամբ են գործում բելառուսցի իրավապահները։

Իշխանությունները դաժանորեն ցրում են ցուցարարներին՝ կիրառելով ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Պաշտոնական տվյալներով, հիվանդանոց է դիմել ավելի քան 250 մարդ՝ տարբեր վնասվածքներով։ Վերջին տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, նրանցից շատերին ձերբակալելիս դաժան ծեծի են ենթարկել, այդ թվում՝ անչափահասների և կանանց:

Ձերբակալվածներին պահում են անմարդկային պայմաններում, դաժան ծեծում են և ստիպում են տեախցիկների առջև հայտարարել, որ նրանք այլևս չեն մասնակցելու ցույցերին։ Ձերբակալվածների հարազատները պատմում են, որ չունեն տեղեկություն նրանց մասին, իսկ Տելեգրամի ալիքները հայտնում են, որ այսօր սկսել են ազատ թողնել ձերբակալվածների մի մասին։

Անցած գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:

Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 55 լրագրող: Արևմուտքը դատապարտել է Բելառուսի իշխանություններին խաղաղ ցուցարարներին դաժան ցրելու համար: Բելառուսում Եվրամիության մի շարք երկրների դեսպաններ այսօր ծաղիկներ են դրել Մինսկում բողոքի ակցիայի մասնակցի մահվան վայրում` մետրոյի Պուշկինսկայա կայարանի մոտ: Նրանց ողջունել են ավելի վաղ այստեղ հավաքված հարյուրավոր մարդիկ:

Վաղը Լեհաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ հեռավար նիստը, որտեղ կքննարկվի Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին հնարավոր արձագանքը։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ քննարկվում է Եվրամիության հետ Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների հարցը։ Եվրոպացի փորձագետների կարծիքով, Եվրամիությունը միանգամայն կարող է պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա շրջապատի դեմ, սրա հետ մեկտեղ կա մտավախություն, որ դա կմերձեցնի Մինսկը Մոսկվայի հետ:

Ավելի վաղ մի շարք Տելեգրամի ալիքներ հայտնել էին, որ Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: «Ռիա Նովոստին», սակայն, այսօր հերքել է այս տեղեկությունը` նշելով, թե Պուտինի օրացույցում չկա հանդիպում Լուկաշենկոյի հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG