Բելառուսում զանգվածային ցույցերի 9-րդ օրն է: Բելառուսի ընդդիմադիրները չեն ընդունում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:
Հետզհետե մեծանում է համազգային գործադուլին միացող հիմնարկների և ձեռնարկությունների, այդ թվում՝ խոշոր գործարանների թիվը:
Երեկ բելառուսները երթով հասել են ձերբակալվածների ժամանակավոր պահման երկու կենտրոններ և պահանջել ազատ արձակել այնտեղ գտնվող մարդկանց:
65-ամյա Լուկաշենկոն պնդում է, թե ճնշման տակ չի զիջի: Նա ասել է, թե չի կարելի ենթարկվել նոր ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջին, քանի որ «դա կհանգեցնի Բելառուսի կործանման»:
Այսօր նա պարգևատրել է ցույցերը ցրելու գործողությունն իրականացրած մոտ երեք հարյուր ոստիկանների: Լուկաշենկոն, այնուամենայնիվ նշել է, որ կարելի է բարեփոխել Սահմանադրությունը և դրանից հետո նոր ընտրություններ անցկացնել:
Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով պաշտոնական տվյալներոով ստացել է քվեների մոտ 10 տոկոսը և հիմա գտնվում է հարևան Լիտվայում, ասել է, որ պատրաստ է իր վրա ստանձնել ժողովրդին միավորելու առաքելությունը և հնարավոր դարձնել արդար ու թափանցիկ նոր ընտրություններ:
Նախագահ Լուկաշենկոն պնդում է, որ բողոքի շարժումը կազմակերպում և համակարգում են դրսի ուժերը: Արևմտյան երկրները չեն ճանաչում Բելառուսսի ընտրությունների արդյունքները:
Եվրամիությունը մտադիր է նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ: