Կորոնավիրուսի հետևանքով տատիկին ու մորաքույրներին կորցրած կինն ահազանգել է` մայրը 5 օր թեստավորման է սպասել

Հաստատված դեպքերի թիվը մոտենում է 9 հազարին

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի 251 նոր դեպք է հաստատվել թեստավորված 1039 քաղաքացիներից: Մահացել է 7 հոգի` 61-ամյա կին, մյուսները` տղամարդիկ, նրանցից ամենաերիտասարդը 64 տարեկան է։ Վարակի բռնկումից մինչև այժմ կորոնավիրուսի հետևանքով 127 հոգի է մահացել։ Եվս 48 պացիենտների մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, բայց նրանք էլ վարակակիր են եղել։

Կորոնավիրուսի վարակի ընդհանուր դեպքերի թիվը մեր երկրում մոտենում է 9 հազարին՝ 8 հազար 927։ Այս պահին փաստացի բուժում ստացողները 5 հազար 435-ն են։

«Երեկվա դրությամբ ծանր վիճակում գտնվում են 358 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում` 58 պացիենտ, թոքային օդափոխման սարքին միացված են 15 պացիենտ»,- տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր էլ պարետատան նիստից հետո գործադիրի ղեկավարը առողջապահության ոլորտի մասնագետների հետ ամենօրյա ճեպազրույցի էր: Վարչապետ Փաշինյանն ասաց՝ վերջին մեկ օրում նոր վարակակիրների թիվը նվազել է, բայց դեռ պետք է դիտարկվի՝ արդյոք սա բովանդակային փոփոխություն է: Ոստիկանության ու տեսչական մարմնի ստուգայցերը ցույց են տալիս՝ մարդիկ հակահամաճարակային կանոնները շարունակում են խախտել։

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ էլ շեշտեց՝ նույն ընտանիքի անդամները մեքենայի մեջ էլ պետք է դիմակ կրեն, մեքենան համարվում է փակ տարածք.- «Ինչպես օրինակ` առևտրի կետերում, սուպերմարկետներում, այնպես էլ մեքենաներում, հասարակական տրանսպորտում նույն ընտանիքի անդամները պարտավոր են կրել դիմակներ»:

Վարչապետը հուսով է` Վրաստանի առաջարկած աջակցության կարիքը չի լինի

Հարևան Վրաստանից Հայաստանին օգնելու առաջարկ է հնչել, վարչապետ Փաշինյանն ասաց՝ նման պատրաստակամությունը մեզ ջերմացնում է, բայց հուսանք` նման աջակցության կարիք չի լինի.- «Եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որպեսզի աջակցության կարիք չունենանք»:

Ինչպե՞ս է իրականացվում մեկուսացածների հսկողությունը տներում

Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը տանը պոլիկլինիկաների բուժաշխատողների կողմից հսկելու մասին առողջապահական գերատեսչությունը հայտարարեց մի քանի օր առաջ։

Օրեր առաջ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում կորոնավիրուսից մի ընտանիքի երեք անդամներ էին մահացել՝ տատիկն ու իր երկու դուստրերը։ Այսօր զրուցեցինք այս ընտանիքի անդամներից մեկի՝ հանգուցյալ տատիկի թոռան հետ։ Նա պատմեց, որ իր մայրը՝ մոր ու երկու քույրերի մահվանից հետո բարձր ջերմությամբ արդեն 5 օր տանը բուժօգնության ու թեստավորման է սպասում.- «Մինչև 39 ջերմում է, հիմա նոր այսօր արդեն սկսել է մոտը հազ: Զանգել ենք արդեն մեր տեղամասային բուժքրոջը, ասել է` հիմա աշխատանքային օր չի, ես ոչինչ չեմ կարա անեմ, սպասեք, երկուշաբթի առավոտյան ես ձեզ խոստանում եմ` առաջինն իրենից սկսեմ, բայց դե 5 օրում ինչ կարա լինի: Իմ մորքուրն ընդամենը 4 օրվա հիվանդ է եղել, երկրորդ մահացածը»:

Դուստրը պատմեց, որ իր 65 ու 60 տարեկան մորաքույրները կորոնավիրուսից մահացել են մի քանի օրում, այժմ տագնապի մեջ են, պատրաստ են նույնիսկ իրենց փողով թեստավորում անել.- «Երկու զոհ ենք տվել, մենք հիմա վախենում ենք, վախենում ենք, որ կարող է էսօր արդեն իր մոտ թոքաբորբ է սկսվել, մենք տեղյակ չենք, որովհետև կայծակնային արագ կարող է թոքաբորբ սկսվի»:

Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ռիսկի գնահատում կատարի, ուղեգրի ռենտգեն հետազոտության կամ թեստավորման։ Այս դեպքում ընտանիքն իր միջոցով է ռենտգեն իրականացրել, իսկ թեստավորման համար էլ տեղամասային բժշկից լսել են՝ «աշխատանքային օրեր չեն» պատասխանը։

Ի դեպ, Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենից տեղեկացանք՝ թեստավորում իրականացնում են ամեն օր: «Արտակարգ դրության օրերին ի՞նչ ոչ աշխատանքային օր»,- զարմացավ Արտավազդ Վանյանը։

Օրվա վերջին տեղեկացանք, որ կորոնավիրուսի հետևանքով մորն ու երկու քույրերին կորցրած կինն ի վերջո մեր ահազանգից հետո թեստավորվել է: