Մատչելիության հղումներ

«Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է». վարչապետ


Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, բանկերում, ամեն ուր: Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, այն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը կոչ արեց, որ դադրեցվեն դիմակի շուրջ տեղի ունեցող բոլոր շահարկումները և ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված:

Փաշինյանը հավելեց, որ պետք է բացառել որևէ առևտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ և՛ վաճառողը, և՛ գնողը դիմակով չեն՝ ընդգծելով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների ճիշտ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը:

Կառավարության ղեկավարը նշեց նաև. «Մեր հույսը և մեր կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է, բայց այդ համատեքստում ուզում եմ ասել նաև, որ մենք նաև վարչական լծակներ ենք կիրառելու: Մենք վերջին օրերին գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ որ որոշակի համայնքներում, որոշակի շրջաններում ոստիկանության մարմինների և այլ ուժերի նրկայացուցիչներ, մեծ ուժեր մտնում են մի տարածք և ստուգում են, թե ինչքանով են պահվում հակահամաճարակային կանոնները: Խախատումներ հայտնաբերելու դեպքում արձանագրվում են, փակվում են տնտեսվարողներ, փակվում են ձեռնարկություններ, արգելվում է որոշակի ժամանակով նրանց գործունեությունը»:

Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 8 հազար 216 դեպք, նրանցից 3 հազար 287-ը առողջացել է: Այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ամենամեծ թիվը՝ 15 մահվան դեպք, վարակը խլել է 113 մարդու կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG