Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով՝ հասնելով 8 հազար 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ի սահմաններում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 3 հազար 297-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 56 հազար 42 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 120-ի, կորոնավիրուսով վարակված ևս 45 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 214 մարդ:
Նշենք, որ մինչ այժմ կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում 452-ն էր, որն արձանագրվել էր մայիսի 24-ին: