Մատչելիության հղումներ

Իրավիճակը գնալով ավելի է լրջանում, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը


«Իրավիճակը առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ։

Այսօր գրանցվել է կորոնավիրուսից մեկ օրում մահացածների ամենամեծ թիվը՝ 15 մահվան դեպք, նրանցից ամենատարեցը 92 տարեկան էր, իսկ ամենից երիտասարդը՝ 43։ Այլ պատճառներով մահվան դեպք այսօր չի գրանցվել։

Այսպիսով համավարակը մեկնարկից ի վեր արդեն 113 մարդու կյանք է խլել, ևս 44-ը մահացել է այլ պատճառներով, չնայած նրանց մոտ էլ է հաստատվել կորոնավիրուս։ Մեկ օրվա ընթացքում հաստատված նոր դեպքերի թիվն էլ է մեծ՝ 1253 թեստերից 442-ն են կորոնավիրուսը հաստատել։ Ավելի շատ դեպք գրանցվել էր միայն մայիսի 24 -ին։

Անցած օրվա ընթացքում 32 մարդ առողջացել է, ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր հաստատվել է կորոնավիրուսի 8 հազար 216 դեպք, նրանցից 3 հազար 287-ը առողջացել է, այժմ փաստացի բուժում է ստանում 4 հազար 772 հոգի։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ բժիշկները չեն կարողացել երեկ փրկել 15 քաղաքացիների կյանքը, ասում է՝ թեև վարակվածների մեծ մասի մոտ կորոնավիրուսն առանց ախտանշանների է ընթանում, սակայն ոչ ոք երաշխավորված չէ մահվան ելքից։

«Միշտ չի, որ հնարավոր է լինում փրկել կյանքը, հենց դրանով է պայմանավորված այս հիվանդության ծանրությունը: Այսինքն չկա երաշխիք, որ որևէ վարակված անձ, չնայած որ շատ ենք նշում, որ ասիմպտոմ դեպքերը մեծամասնություն են, չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով», - ասաց Թորոսյանը:

Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությանը, ապա իրավիճակը լարված է մնում, 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր հիվանդ կա, 17-ը թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացված։ Թե վերակենդանացման բաժանմունքում քանի ազատ մահճակալ կա, կոնկրետ թվեր չհնչեցին, սակայն Փաշինյանն ասաց՝ այդ բաժանմունքը արդեն իսկ խիստ ծանրաբեռնված է։

«Աստված չանի՝ մենք հանդիպենք այնպիսի իրավիճակի, բախվենք այնպիսի իրավիճակի, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի, հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամներին, անձամբ ձեզ նաև, և իրավիճակին կոչ եմ անում նայել նաև այսպես», - նշեց վարչապետը:

Արսեն Թորոսյանն ասում է՝ շարունակում են ծավալել մահճակալային ֆոնդը. մոտակա մեկուկես ամսում ևս 100 մահճակալ կավելացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում:

«Որպեսզի մենք կարողանան իրավիճակը պահել կառավարելի և չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ թերապիայի բուժօգնությունից, մենք շարունակում ենք ծավալել մեր հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով և մոտական 1-1,5 ամսվա ընթացքում կունենանք ևս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը կլինի Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և 50-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Որպես ամենամեծ և բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ դա կարևոր է այնքանով, որպեսզի օգնությունը լինի համապարփակ, և բոլոր մասնագետները տեղում լինեն: Այս պահին էլ բազմաթիվ բժշկական կենտրոններ ներգրավված են պրոցեսում և գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար, գումարած նրան, որ մենք ունենք առանձնացված բժշկական կենտրոններ», - ասաց նախարարը:

Չի բացառվում դարձյալ վերադարձը խիստ կարանտինին, եթե վերակենդանացման բաժանմունքում արդեն ֆիզիկապես տեղ չլինի, հայտարարեց վարչապետը, թեև ամեն ինչ անում են դարձյալ տնտեսությունը ամբողջովին չփակելու համար։ «Կարանտինի չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը, ո՞րն է չափանիշը, չափանիշը կոնկրետ վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է», - նշեց Փաշինյանը:

Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել ամենուրեք դիմակ կրելու պարտադրանքը։ Այժմ պարտադիր է դիմակի առկայությունը բաց տարածքներում, կրելը՝ տրանսպորտում, կանգառներում և փակ տարածքներում։

Վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են, մեծ մասը առանց ախտանշանների, և հետևաբար այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների խստագույնս պահպանումն է, հայտարարեց վարչապետը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դիմակի, սոցիալական հեռավորության, ձեռքերի ախտահանման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել դիմակների շուրջ բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվությունը, քանի որ էլ ավելի է լրջանում։ Դիմակի թանկությունը շահարկել ևս պետք չէ, կարելի է ինքնաշեն դիմակներից օգտվել։ Փորձով ապացուցվել է՝ եթե բոլորը դիմակ կրեն, 90-95 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի տարածվի:

«Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

XS
SM
MD
LG