Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին դիմակ կրելը պարտադիր դարձնել, առանց դիմակի հաղորդակցվել միայն ընտանիքի անդամների հետ: Այս մասին վարչապետը նշեց քիչ առաջ` պարետատան նիստի ավարտից հետո: Խորհուրդ տվեց սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերը մշտապես ախտահանել, լվանալ` այդպես պայքարելով համավարակի տարածման դեմ:
«Կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ քաղաքացիները կպահպանեն վերոնշյալ կանոնները: Հավելեց` իրենք այս կանոնները բազմիցս են քննարկել:
Վարչապետը հորդորեց քաղաքացիներին աջակցել ոստիկաններին, առողջապահական համակարգի աշխատողներին:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նկատեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Նա նշեց, որ հոգեհանգստի ու թաղման արարողությունների ժամանակ մեկ վարակակրի առկայության պատճառով մի ամբողջ գյուղ է վարակվել: