Մատչելիության հղումներ

Վարչապետ. Այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցին, 29-ը մայիսի, 2020թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցին, 29-ը մայիսի, 2020թ.

Կորոնավիրուսով պայմանավորված վիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ։ Պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանելն է, այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները, և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին և այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Խոսքը մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում: Այս համաճարակի տարածման այսպիսի տեմպն անկախ նրանից` որքան տոկոսն է ախտանիշով, և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի»:

Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային բարձր թիվ՝ 460, արձանագրվել է մահվան 7 դեպք, նրանցից վեցն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մարտի 1-ից՝ վարակի բռնկման պահից, Հայաստանում մահվան շուրջ 120 դեպք է արձանագրվել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45-ն է: Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 676 է, այս պահին բուժում է ստանում 5 հազար 214 քաղաքացի։ Նախորդն օրն առողջացել է 10 մարդ։

Վարչապետը հույս հայտնեց, որ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան փոփոխություններ, և Հայաստանում ստիպված չեն լինի հայտարարել խիստ կարանտինային ռեժիմ։ Իշխանությունները կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու, համաճարակը հաղթահարելու համար հորդորում են կիրառել երեք պարզ կանոն՝ դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

«Կրեք դիմակներ և կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- հայտարարում է վարչապետը։ Դիմակներ չկրելու դեպքում կառավարությունն ավելի խիստ քայլերի է դիմելու, ընդհուպ դրանք կրելը պարտադիր դարձնելը ամենուր.- «Ինչո՞ւ ենք մենք ասում` կրեք դիմակներ, որովհետև այսօր հանրապետությունում կան ասիմպտոմ կորոնավիուսի դեպքեր, այսինքն` այդ մարդիկ իրենք նույնիսկ չգիտեն, որ իրենք հիվանդ են, այդ մարդիկ չունեն նույնիսկ որևէ բողոք, որպեսզի իրենք դիմեն առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, և պարզվի նրանց հիվանդ լինելու հանգամանքը, որովհետև նրանք, ովքեր գիտեն, որ իրենք վարակակիր են, ավելի զգույշ են, որովհետև իրենք էլ գիտեն, հարազատներն էլ գիտեն: Եվ այս պարագայում եթե մենք այս երեք պարզագույն կանոնների պահպանմամբ նույնիսկ առնչվենք այդ կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերի հետ, մենք ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից, կամ եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, վարակակիր, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս երեք կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշներին»:

Ճեպազրույցին մասնակցող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ևս հարկ համարեց շեշտել՝ համաճարակային իրավիճակը բավականին լարված է: Վանյանը վիրուսի շղթայի տարածման օրինակ բերեց.- «Ուզում եմ շեշտադրում անել նույն հոգեհանգստի և թաղման արարողություններին, եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով չվարակված մահացած անձը, որն ընդհանրապես կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ, կարելի է ասել, վարակվել է այդ հոգեհանգստին, այսինքն` մարդիկ հանգիստ վիճակում, մտածելով, որ ոչ մի խնդիր չունեն, առնչվում են մեկը մյուսի հետ, և փաստը ցույց է տալիս` ընդամենը մեկ հիվանդի դեպքում, որն անախտանիշ վիճակում է գտնվել, մի ամբողջ գյուղ մենք այսօր ունենք հիվանդներ»:

Ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր կորոնավիրուսով վարակված հիվանդները գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Ապրիլի 2-ից մինչ այժմ հիվանդանոցն ընդունել է 1470 հիվանդի։ Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի՝ վերջին օրերին ավելացել է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը.- «Այսօր 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքում և մոտավորապես 80 տոկոսով` ընդհանուր բաժանմունքներում: Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն ամենասուղն է այս օրերի համար: Եվ օգտվելով առիթից` ևս մեկ անգամ կուզենայի խնդրել մեր հայրենակիցներին պահպանել պարետատան կողմից բոլոր սահմանված կանոնները, որովհետև վերջին օրերին հաշվի առնելով վարակի առանձնահատկությունը, փոխանցման մեխանիզմները` ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը: Եվ նման հորդորը գալիս է այն նպատակով, որպեսզի մեր առողջապահական համակարգը չունենա կոլապս»:

Կառավարության հակահամաճարակային նոր ռազմավարությունն իրականացնելու համար ոստիկանությունն այսօր վաղ առավոտից խստացված ռեժիմով մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում է հսկողությու իրականացնում։ «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ ստուգում են՝ արդյոք քաղաքացիները սահմանված վայրերում կրում են դիմակ, և արդյոք բաց տարածքներում առկա է նրանց մոտ։ Կանոնները չպահպանելու դեպքում կազմվում է արձանագրություն։ Քաղաքացին կարող է տուգանվել՝ 10 հազար դրամով: Այժմ դիմակի առկայությունը պարտադիր է բաց տարածքներում, իսկ կրելը՝ տրանսպորտում, կանգառներում և փակ տարածքներում.- «Լինեն դիմակներով կամ պարտադիր ունենան դիմակները, հասարակական վայրերում պարտադիր դիմակներով, կանգառներում, տրանսպորտում»:

Ոստիկանությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մինչ օրս կազմվել է 15 հազար 241 արձանագրություն։

Պարետատնից հայտնում են, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով տեսչական մարմինների ստուգումների արդյունքում մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17 հազար 572 ստուգում:

Իսկ մուտքի և ելքի սահմանափակումներ են դեռ շարունակում գործել Սևան քաղաքում։ Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի:

XS
SM
MD
LG