Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացվեցին: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է մի շարք խախտումների մասին:
Որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից: Բռնություններ են գործադրվել տեղական դիտորդների նկատմամբ:
Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել: Ականատեսների պատմելով՝ մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել, կողմնակի անձինք դրանց վրա նշումներ, հավանաբար քվեարկություն են կատարել:
Մի ընտրատեղամասում դադարեցվել էր քվեարկությունը՝ պատճառը երկու թեկնածուների կողմնակիցների միջև վիճաբանությունն էր: Արձանագրություն է կազմվել, որ դիտորդներն են ինչ-որ մեկին ծեծի ենթարկել: Այդ ընտրատարածքում առաջադրված էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին: Նրա ներկայացուցիչը դիտորդների դեմ մեղադրանքն անհիմն է համարել: Բացի այդ, «Մուսավաթ»-ը հայտնել է, որ իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել ներս մտնել:
Իշխանությունների ներկայացուցիչները հերքել են խախտումների մասին պնդումները:
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արթուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին, մինչ այս ուսումնասիրվել է նախընտրական իրավիճակը, և երկուշաբթի օրը առաքելությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Լրատվամիջոցները հաղորդեցին, թե նախկին խորհրդարանի նախագահ, այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Օքթայ Ասադովը օրվա երկրորդ կեսին սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Խորհրդարանի մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրը, սակայն հիվանդանոցից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են:
Ադրբեջանի խորհրդարանի 125 մանդատների համար պայքարի մեջ են մտել 1314 թեկնածուներ: Ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: Ընտրողների թիվն Ադրբեջանում 5 միլիոն 300 հազարից ավելի է: