Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի բլոգերը պնդում է՝ ընտրություններում իր մրցակիցը փորձել է կաշառել իրեն


Ֆարաջ Գուլիև և Մեհման Հուսեյնով
Ֆարաջ Գուլիև և Մեհման Հուսեյնով

Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը հայտարարել է, թե խորհրդարանական ընտրություններում իր մրցակից Ֆարաջ Գուլիևը փորձել է կաշառել իրեն, ու այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:ԿԸՀ-ն հաստատել է, որ ստացել է նրա դիմումը և պատրաստվում է այն քննարկել:

Փետրվարի 1-ին բլոգերը հրապարակել էր իր և Ֆարաջ Գուլիևի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Գուլիևը 15 հազար մանաթ է առաջարկում բլոգերին, եթե նա դուրս գա ընտրապայքարից, հանի իր թեկնածությունը:

Նրանք առաջադրվել են նույն ընտրատարածքում: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով:

Գուլիևը հաստատել է, որ զրույց է ունեցել Հուսեյնովի հետ, բայց ասել է, թե գումարը նրան առաջարկել է բուժվելու նպատակով, այլ ոչ թե փորձել է կաշառել:

Գուլիևը չի հերքել իրենց հանդիպումը՝ ասելով, թե մոտավորապես 45 րոպե զրույց են ունեցել, սակայն, նրա պնդմամբ, բլոգերը 5-6 րոպեանոց մոնտաժված հատված է հրապարակել՝ խեղաթյուրելով զրույցի բովանդակությունը:

Ֆարաջ Գուլիևը հայտնի է քաղաքական ճամբար փոխելու առումով: Երբ նա ընդդիմադիր էր, 1995 թվականին ձերբակալվել ու մի քանի տարի անցկացրել է բանտում: 2002-ին նրան ներում էր շնորհվել, ու ազատ արձակվելուց հետո Գուլիևը սկսել էր խստորեն քննադատել իր նախկին թիմակիցներին՝ դեմոկրատներին, Ժողճակատի կողմնակիցներին: 2010 և 2015 թվականներին նա պատգամավոր էր ընտրվել որպես «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության նախագահ:

Վիդեոբլոգեր Մեհման Հուսեյնովը հայտնի է հակակոռուպցիոն նյութերով, մասնավորապես նկարահանում էր պաշտոնյաների առանձնատները: 2017-ին նա ձերբակալվել ու զրպարտության մեղադրանքով 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Սակայն իրական պատճառը համարվում էր այն, որ նա իր նյութերից մեկում քննադատել էր երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու որոշումը: Նրա պատժաչափը քիչ էր մնում ևս մի քանի տարով ավելացվեր՝ բանտապահներից մեկին ծեծելու մեղադրանքով, սակայն երկրորդ գործը կարճվել էր Իլհամ Ալիևի աշխատակազմից հնչեցված հրահանգից մի քանի ժամ անց:

«Հարգարժան նախագահը, հաշվի առնելով դատապարտվածի երիտասարդ տարիքը, այն հանգամանքը, որ նա արդեն իսկ շուրջ երկու տարի է ինչ պատիժ է կրում, նրա ընտանեկան կացությունը և հոր պատկառելի տարիքը, խորհուրդ է տվել Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազին Մեհման Հուսեյնովի գործում հիմնական շեշտը դնել մարդասիրության սկզբունքների վրա», - նշել էր Ալիևի օգնականը, ինչից հետո դատախազությունն անմիջապես կարճել էր երկրորդ գործը:

Սակայն այդ ժամանակ Ադրբեջանի վրա արտաքին ճնշումներ կային երիտասարդ բլոգերին բանտարկելու հարցով: Միջազգային կազմակերպությունները պահանջում էին նրան ազատ արձակել։

Անցյալ տարի Հուսեյնովն առաջադրվել էր ՏԻՄ ընտրություններին, այս տարի արդեն խորհրդարանական ընտրություններին է մասնակցում։

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններն անցկացվելու են փետրվարի 9-ին:

XS
SM
MD
LG