Ադրբեջանը չի հետևում եվրոպական կառույցների խորհուրդներին: Նախօրեին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով ձևավորված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, շվեդ դիվանագետ Փիթեր Թեժլերը:
Ասուլիսի ժամանակ Թեժլերն ազդարարեց Ադրբեջանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը: Դրա հետ մեկտեղ, շվեդ դիվանագետը հատուկ ընդգծում էր` դիտորդների մոտ առայժմ որևէ հստակ կարծիք Ադրբեջանում ստեղծված կացության մասին չի ձևավորվել:
«Մենք Ադրբեջան ենք եկել դիտարկելու, այլ ոչ թե այլ ընտրությունների հետ համեմատություններ անցկացնելու նպատակով: Մենք ընտրական ոստիկանություն չենք: Մենք զբաղված չենք ընտրությունների լեգիտիմացմամբ, և դրանց արդյունքները մեզ չեն հետաքրքրում: Մենք Ադրբեջան ենք ժամանել առանց որևէ նախապաշարմունքի, առանց որևէ նախապես գրված եզրակացության», - ընդգծում էր Թեժլերը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այս պահին բաղկացած է Բաքվում աշխատող 12 փորձագետներից: Եվս 30 երկարաժամկետ դիտորդներ Ադրբեջան կժամանեն արդեն հունվարի 14-ին, իսկ 350 կարճաժամկետ դիտորդներն ընտրությունների ընթացքին կհետևեն քվեարկության օրը:
Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու են նաև ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովների դիտորդական առաքելությունները:
Փետրվարի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կանցնեն բացառապես մեծամասնական ընտրակարգով: Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ թեկնածուների առաջադրման առաջին փուլի արդյունքներն ամփոփեց Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվելու համար հանձնաժողով է դիմել 2296 մարդ: Նրանցից 493-ն առաջադրվել են երկրում գործող 19 քաղաքական կուսակցությունների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ գրանցել է առաջադրված 458 թեկնածուներին», - նշում էր Ադրբեջանի ԿԸՀ նախագահը:
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին անցած տարեվերջին` այն բանից հետո, երբ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարությունը հանդես եկավ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը լուծարելու նախաձեռնությամբ:
Առաջիկա ընտրությունների հանդեպ վերաբերմունքն ադրբեջանական ընդդիմության շրջանում լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել: «Մուսավաթ» կուսակցությունը և նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանքը» (ReAl) արդեն իսկ հայտարարել են փետրվարի 9-ի ընտրություններում թեկնածուներ առաջադրելու մասին: «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», որի կազմում ընդգրկված առանցքային ուժը «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է, որոշել է բոյկոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: