Մատչելիության հղումներ

Ադրբեջանի լուծարված Մեջլիսի պատգամավորների մեծ մասը կրկին պայքարում է մանդատի համար


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի լուծարված օրենսդիր մարմնի պատգամավորների մեծամասնությունը կրկին պայքարում է մանդատի համար։

Հինգ օրից Ադրբեջանն ընտրելու է նոր օրենսդիր մարմին, որը պետք է «նպաստի և համապատասխանի երկրով մեկ մեկնարկած բարեփոխումներին»:

Անցած տարվա դեկտեմբերին հայտարարելով ինքնալուծարվելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի իշխող ուժն այդ որոշումը բացատրում էր երկրում մեկնարկած լայնածավալ փոփոխություններով։ «Ենի Ազերբայջան»-ը պնդում էր, որ իր կողմից վերահսկվող Միլի մեջլիսը խանգարում է և չի համապատասխանում նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումներին:

Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի լուծարված օրենսդիր մարմնի ներկայացուցիչների 64 տոկոսը կամ 80 հոգի պայքարում է մանդատը վերադարձնելու համար:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընդհանուր առմամբ 1637 թեկնածուների, որոնց 83 տոկոսն ինքնառաջադրվել են:

Մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի կողմից առաջադրվել են ընդհանուր թվով 272 թեկնածուներ՝ մեծամասնությունը, բնականաբար, նախագահական ընտանիքի գլխավորած կուսակցությունից: Ի դեպ՝ թեկնածուների ընդամենը 22 տոկոսն են կանայք:

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները կանխորոշված են, քանի դեռ չեն իրականացվել իրենց պահանջները՝ «հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին»։

«Մուսավաթ»-ն այն սակավաթիվ ընդդիմադիր կուսակցություններից է, որն ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, սակայն հունվարի 17-ից` քարոզարշավի մեկնարկից ի վեր այս կուսակցության թեկնածուները պարբերաբար ահազանգում են խոչընդոտների մասին:

Անցյալ շաբաթ «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին, ամփոփելով ընտրողների հետ իրենց մարզային հանդիպումները, հայտարարել էր. - «Իշխանությունների ներկայացուցիչները խոսում են բարեփոխումների մասին, սակայն այդպես էլ հին սովորույթներից չեն հրաժարվել: Ամենուր մեզ հետևում են և խանգարում մեր հանդիպումներին, իսկ Ջալիլաբադի և Բիլասուվարի շրջաններում սրճարանների դռները հանկարծ փակվել են, սնունդը` անհետացել, խոհարարները` հիվանդացել»:

Ընդդիմադիր գործչի խոսքով` այդ շրջաններում «արգելվել է սպասարկել կուսակցության առաջնորդներին, պատգամավորի թեկնածուներին և այլ քաղաքացիների»:

Ադրբեջանական ընդդիմության այս ու մի շարք այլ մտահոգություններ տեղ են գտել նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում, որը փաստում է` Ադրբեջանի իշխանությունները խոսքի և հավաքների ազատությունը հերթական անգամ չեն երաշխավորել:

Ամփոփելով արտահերթ ընտրությունների համար հատկացված 22-օրյա քարոզարշավի առաջին տասնօրյակը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները նաև հայտարարել են. - «Թեև Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունն ու արգելում գրաքննությունը, այս իրավունքները խիստ սահմանափակված են մի շարք օրենքներով»:

Մոտ 5 միլիոն 200 հազար ադրբեջանցիների քվեարկության ընթացքին փետրվարի 9-ին հետևելու է շուրջ 850 դիտորդ՝ 55 երկրներից։ Բացի ԺՀՄԻԳ դիտորդներից, ընտրություններին կհետևի նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից գործուղված խումբը։

XS
SM
MD
LG