Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են


Այսօր Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կեսօրվա դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 27 տոկոսը:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արտուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին, մինչ այս ուսումնասիրվել է նախընտրական իրավիճակը, և երկուշաբթի դիտորդական առաքելությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, հարձակվում նրանց վրա, ջարդում տեսախցիկները, դուրս հանում ընտրատեղամասից:

Մի շարք խախտումների մասին հաղորդում է «Մուսաֆաթ» կուսակցությունը, այդ թվում` իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասում չեն թույլատրել ներս մտնել: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն:

Ադրբեջանի խորհրդարանի 125 մանդատների համար պայքարի մեջ են մտել 1314 թեկնածուներ: Ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: Երկրով մեկ բացվել է 5573 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը 5 միլիոն 300 հազարից ավելին է:

XS
SM
MD
LG