Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմադիր դաշինքը որոշեց բոյկոտել արտահերթ ընտրությունները


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշեց բոյկոտել խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները:

Ընդդիմադիր բլոկը երեկ հայտարարել է, որ ընտրություններին չեն մասնակցի, քանի որ ընտրական համակարգը բարեփոխելու իրենց առաջարկները մերժվել են: Մասնավորապես, նրանք առաջարկել էին հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին, նրանց նաև հանձնաժողովների նախագահ նշանակել:

«Ընտրությունները չեն արտահայտի ժողովրդի կամքը, քանի որ դրանք արդար անցկացնելու համար չեն ստեղծվել անգամ նվազագույն պայմաններ, ուստի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» բոյկոտում է ընտրությունները, ինչպես նաև նման ընտրությունները լեգիտիմ չի համարում», - հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր միավորումը:

«Ազգային ճակատի» փոխնախագահ Սեյմուր Խազին, իր հերթին, հայտարարել է, թե հաշվի առնելով ժողովրդավարական ընտրությունների համար նվազագույն պայմանների բացակայությունը՝ չեն մասնակցի այդ «շոուին»: «Ով ցանկանում է մասնակցել՝ մենք նրանց հաջողություն ենք մաղթում: Այդ հարցում մենք անընդունելի ենք համարում որևէ հակադրություններ ընդդիմադիր ուժերի միջև», - ասել է նա:

Վերջերս Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի առաջնորդները «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում քննարկել էին վաղաժամկետը ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու տարբերակները: Այդ հանդիպմանը միասնական որևէ որոշում չէր ընդունվել, պայմանավորվել էին շարունակել քննարկումները: Օրեր անց ընդդիմադիր «Մուսավաթ», ReAl, «Ումիդ» կուսակցությունները հայտարարեցին, թե մասնակցելու են ընտրություններին:

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նախաձեռնել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 9-ին:

XS
SM
MD
LG