Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը կասկածներ ունի՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները Հայաստանից հեռանան. իշխող ՔՊ-ից հերքում են


Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ

«Կասկածներ ունենք, որ իշխանություններն այս ամեն ինչը անում են, որպեսզի Արցախի հայերը Հայաստանի Հանրապետությունից հեռանան», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հենց այս կասկածները հերքելու կամ հաստատելու նպատակով խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Նպատակն է ուսումնասիրել «բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները»։

«Հազարավոր արցախցիների հետ մեր հանդիպումների արդյունքում մենք տեսանք, որ նրանց նվազագույն սոցիալ-տնտեսական կարիքները Հայաստանի Հանրապետությունում չեն բավարարվում, իրավունքները չեն իրացվում՝ թե՛ ապրելու բնակարան ունենալու իրավունքները, կրթության, աշխատանքի, նույնիսկ որոշ դեպքերում առողջապահության իրավունքները խախտվում են», - ասաց Խաչատրյանը:

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ամեն ինչ անում է, որ արցախցիները մնան Հայաստանում, դաշնակցական պատգամավորը հակադարձում է՝ օրինակ բերելով տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու Կառավարության ծրագիրը, որից շատ քիչ թվով մարդիկ են այս պահին օգտվում։ Ի դեպ, արցախցիներն այս ծրագրի կարող են մասնակցել, եթե դառնան Հայաստանի քաղաքացի:

Կառավարության տվյալներով՝ 2023-ին Արցախից տեղահանված մոտ 25 հազար ընտանիք է Հայաստանում վարձով ապրում։ Նրանց բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը չորս ամիս առաջ է մեկնարկել, բայց վերջին տվյալներով՝ նախարարությունը դեռ 900 ընտանիքից է հայտ ստացել, որից միայն 30-ն են հաստատվել։ Մյուս հայտերն ուսումնասիրման փուլում են, որոշ դիմումներ չեն հաստատվել։

Կառավարությունն ամենաշատը 4 և 5 միլիոն դրամի աջակցություն է տրամադրում արցախցի ընտանիքի ամեն մի անդամի՝ հիմնականում հեռավոր գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում տուն գնելու կամ կառուցելու համար։ Արցախցիներից շատերը, սակայն, դժգոհում են՝ պետության առաջարկած գումարով անգամ հողակտոր չեն կարող գնել, ուր մնաց՝ տուն կառուցեն։

«Իշխանությունները ուղղակի լավ ծրագիր չէի՞ն գրել՝ չունենալով բացասական որևէ միտում, թե՞ դիտմամբ այնպիսի ծրագիր են մշակել, որպեսզի արցախցիները չկարողանան օգտվել դրանից և ստիպված լինեն Հայաստանի Հանրապետությունից հեռանալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունները հասկանում են, որ քանի արցախցիները կոմպակտ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, հայրենադարձության իրավունքը միշտ լինելու է օրակարգային: Իսկ Ալիևը և Էրդողանն ասում են՝ «նո նո նո նո նո, չհամարձակվես», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից», սակայն, հերքում են, թե իրենք արցախցիներին Հայաստանից հեռացնելու խնդիր են դրել։ Իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցնում է Կառավարության դրամական աջակցության և բնակարաններով ապահովելու ծրագրերը:

«Ինչ վերաբերում է, որ մենք ինչ-որ մի քայլ ենք անում, որը կդրդի նրանց արտագաղթել, ես միանշանակ է, որ չեմ ընդունում», - ասաց Ղահրամանյանը:

«Ասում են՝ քանի որ դուք չեք ուզում խոսել արցախցիների հավաքական վերադարձից, այդ խնդիրը ընդհանրապես ուզում եք փակեք, դնեք մի կողմ, դրա համար ձեռնտու է...», - «Ազատության» այս դիտարկմանը ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. - «Ինչի՞ց են ենթադրում իրենք, որ մենք ուզում ենք էդ հարցը փակենք, դնենք մի կողմ»:

«Ազատություն». - Չի խոսում իշխանությունը...

Ղահրամանյան. - Խոսելը... Իրենք որ խոսում են, ի՞նչ է փոխվում:

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների հավաքական վերադարձը այդ դեպքում:

Ղահրամանյան. - Միջազգային երաշխիքների ներքո, միմիայն:

«Ազատություն». - Բայց իշխանությունը աշխատո՞ւմ է այդ ուղղությամբ:

Ղահրամանյան. - Իշխանությունը իրականում չի կարող չաշխատել այդ ուղղությամբ:

«Ազատություն». - Ինչո՞ւ չենք տեսնում մենք քայլեր...

Ղահրամանյան. - Պարտադիր չի, որ դա դուք տեսնեք:

Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո, լիագումար նիստում դեռ պետք է քննարկվի և հաստատվի հանձնաժողովի անդամների թիվը: Եթե իշխող մեծամասնությունը չհաստատի այն, հանձնաժողովը դե ֆակտո չի կարող գործել և որոշումներ կայացնել:

Իշխանական պատգամավորներն այսօր հիմնականում ասում էին, թե տեղակ չեն, որ նման քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Առայժմ պարզ չէ՝ ՔՊ-ն կմերժի՞, թե՞ կհաստատի ընդդիմության հերթական նախաձեռնությունը:

«Ես անկեղծ եմ ասում՝ ձեզանից եմ լսում: Եթե ընդդիմությունը կարծում է, որ պետք է նաև Ազգային ժողովում լինի, թող գա լիագումար նիստերին, իրենց արգումենտները ներկայացնեն, մենք էլ կհասկանանք», - ասաց Նարեկ Ղահրամանյանը:

«Չէ, դեռևս չէ, չգիտեմ: Արցախցիները թող իրենք իրենցով հավաքվեն քննարկեն», - ասաց իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Գրիգորյանը:

Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, համոզված է՝ «դե եթե իրենք սաբոտաժի ենթարկեն այս հանձնաժողովի ստեղծումը, ապա մենք կարող ենք բոլոր հիմքերն ունենալ՝ պնդելու համար, որ, այո, այս իշխանությունները ամեն ինչ անում են, որ արցախցիները հեռանան, և փորձում են կոծկեն այդ հանգամանքը»:

«Եթե հիմիկվանից եթե-ներ են դրվում, ուրեմն՝ իրենց խնդիրը ոչ թե արցախցիները կամ իրենց խնդիրներն են, այլ իրենց խնդիրը քաղաքական դիվիդենտներ շահելն է, չգիտեմ, հեսա նորից սրբազան պայքար է շարժվում, թեժ աշուն են խոստանում. այսինքն՝ այս ամեն ինչը այդ կոնտեքստի մեջ է», - հակադարձեց Նարեկ Ղահրամանյանը:

Առայժմ պարզ չէ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կհաստատի՞, թե՞ կմերժի ընդդիմության հերթական նախաձեռնությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG