Արցախից տեղահանված ընտանիքը Գորիսում է ապրում, վարձով տան համար 150 հազար դրամ են տալիս։ Որտե՞ղ են քնում՝ 7 երեխաների հետ փոքր երկսենյականոցում խցկված Էլլադան հատակին է նայում, հիմնականում այդտեղ։
Արցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը ամիսուկես առաջ է մեկնարկել՝ Էլլադայի ընտանիք չի դիմել, պնդում է՝ չեն էլ դիմելու․ - «Ես Հայաստանի քաղաքացիություն չեմ ուզում, ո՞վ կուզի իր երկիրը մոռանա, գա էստեղ»։
Բնակարանի սերտիֆիկատ ստանալու նախապայմաններից է Հայաստանի քաղաքացի դառնալը։ Էլլադան մտածում է՝ եթե անձնագիրը փոխի, կնշանակի ջնջել Արցախը, վերադարձի հույսը։
«Քաղաքացի դառնալով ոչինչ չեք ջնջում»
«Քաղաքացի դառնալով ոչինչ չեք ջնջում», - Սոցապ նախարարության խորհրդական, բնակարանային ծրագիրը համակարգողներից Գայանե Ղարագյոզյանն այս օրերին Սյունիքում հանդիպում է տեղահանվածների հետ, բացատրում։
«Բնակչության պետական ռեգիստրը, որտեղ արձանագրված է այդ փաստը, որ իրենք այս ժամանակահատվածում եղել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ, երբևէ չի ջնջվելու պատմությունից։ Այսինքն՝ մենք ունենք հստակ տվյալների շտեմարան, որտեղ հստակ ամրագրված է այդ փաստը, և որևէ մեկը դա հերքել չի կարող», - ասաց Ղարագյոզյանը։
Տեղահնվածների բնակարանային ծրագրին մինչև այժմ 450 ընտանիք է դիմել, 1500 արցախցի՝ շուրջ 120 հազարից։
«Դիմումներից 30-ն արդեն բավարարվել է ու ստացել են հավաստագրեր, մեծ մասը դեռևս ստուգման փուլում է», - ներկայացրեց Սոցապ նախարարության խորհրդականը։
Ղարագյոզյանն ասում է՝ սերտիֆիկատ ընդամենը 30 ընտանիք է ստացել, որովհետև մերժումների թիվը մեծ է, բացի այդ՝ դիմումների ստուգումը երկար է տևում։ Վստահ է՝ երկու ամսից ծրագրին դիմողների թիվը կավելանա, առայժմ մարդիկ թերահավատ են։
«Նախորդիվ իրականացված բոլոր ծրագրերով բնակապահովման մենք ունեցել ենք նման խնդիր, երբ ծրագիրը նոր է, թերահավատ են վերաբերվում մեր հայրենակիցները և չեն դիմում, երբ արդեն 1, 10, 20․․․ արդեն շահառուների թիվն ավելանում է, մյուսների շրջանում այդ վստահությունն ավելի մեծանում է», - նշեց նա։
Կառավարությունը տեղահանվածների ամեն անձի հաշվով 5 միլիոն է առաջարկում, եթե նրանք կցանկանան տուն գնել կամ տուն կառուցել հեռավոր սահմանամերձ համայնքում, օրինակ, Երասխում, Սոթքում, Կիրանցում, Կոռնիձորում, 4 միլիոն՝ եթե բնակավայրը սահմանին չէ, բայց Երևանին էլ մոտ չէ. Կապան, Աշոցք, Վարդենիս։ Այս երկու ցանկերում 390 բնակավայր է։ Երևանամերձ համայնքներում, մեծ քաղաքներում, օրինակ, Իջևան, Դիլիջան, Գավառ, ամեն անձին 3 միլիոն դրամ է նախատեսվում։
Արցախի օմբուդսմենն այս ծրագիրը ձախողված է համարում
Արցախի օմբուդսմենն այս ծրագիրն արդեն իսկ ձախողված է համարում, որովհետև, ըստ նրա, պատերազմներից փրկված մարդկանցից քչերն են պատրաստ սահմանին ապրել, իսկ Երևանին մոտ ապրելու համար գումարը չի բավականացնի։
«Առաջարկվող գումարի անհամապատասխանելիությունն է անշարժ գույքի շուկայում առկա գների, հետո քաղաքացիության պարտադիր պահանջն է», - ասաց Գեղամ Ստեփանյանը։
Վիճակագրությունն էլ է ցույց տալիս, որ տուն ունենալու հեռանկարն անգամ չի ստիպում արցախցիներին Հայաստանի քաղաքացի դառնալ, հուլիսին ընդամենը 25 հոգի է քաղաքացիության դիմում ներկայացրել։ Ավելի քան 100 հազար տեղահանվածներից 2173-ն է մինչև այժմ քաղաքացի դարձել։
«Չեն փարատվում մարդկանց այն մտահոգությունները, որ քաղաքացիություն ձեռք բերելը որևէ ազդեցություն չի ունենալու վերադարձի կամ հավանական վերադարձի իրավունքի վրա», - ասաց Ստեփանյանը։
Եթե քաղաքացիության պահանջը չլիներ, Էլլադան կցանկանար տուն ունենալ այնտեղ, որտեղ հիմա է ապրում, Գորիսում, որովհետև ասում է՝ «մեր Արցախին կպած է», բայց հենց սահմանին՝ ոչ, տագնապում է երեխաների համար։
Արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել ծրագիրը, հաշվի առնելով, որ դիմելիությունը ցածր է, Սոցապ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այդպիսի քննարկումներ չկան։