Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները պնդում են՝ խորհրդարանը շարունակում է գործել


Արցախի խորհրդարանի նիստ, արխիվային լուսանկար
Արցախի խորհրդարանի նիստ, արխիվային լուսանկար

Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորները պնդում են՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը շարունակում է գործել՝ անգամ տեղահանումից ու Արցախը լուծարելու մասին հրամանագրի ստորագրումից հետո։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ կարծիք հայտնել, թե պետք է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափն ու վերանայել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։ Արցախի 7-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, արձագանքելով Սիմոնյանի պնդմանը, հակադարձել է՝ արցախցի խորհրդարանականները շարունակում են պատասխանատվություն կրել արցախցիների ճակատագրի համար։

«Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը, 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք», - նշել է նա։

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի լուծարման մասին պնդումը հիմնավորել էր Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու մասին հրամանագրի ստորագրմամբ, շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա չկա։

Սիմոնյանի հայտարարությունը խնդրահարույց են համարում Արցախի խորհրդարանի 7-րդ գումարման պատգամավորները։ Շեշտում են՝ Արցախը լուծարելու մասին փաստաթուղթն իրենք հակասահմանադրական են համարել։ Հետագայում՝ արդեն Հայաստանում գտնվելիս Արցախի վերջին նախագահը Սամվել Շահրամանյանն էլ հայտատարել էր՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։

«Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը երբեք Արցախի լուծարման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ընդունել, ավելին՝ տեղահանությունից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 9-ին, հենց Արցախի Ազգային ժողովն է հայտարարություն արել և հակասահմանադրական որակել Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը», - ասում է Արցախի ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Նա նշում է՝ Արցախի Ազգային ժողովի գործունեության շարունակմամբ հենց Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է պահպանել խորհդրարանն ու Արցախի ժողովդրի կողմից ընտրված մյուս ինստիտուտները որպես բանակցային կողմ։

«Մինսկի խումբ գոյություն ունի, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ պետք է զբաղվի, և այնտեղ Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ եզրույթ կա։ Ադրբեջանցիները ի՞նչ արեցին, օրինակ՝ ինչքան անլուրջ է չէ՞ Ադրբեջանի Միլի մեջլիսում Լեռնային Ղարաբաղի պատգամավոր էր ընտրվում, ԼՂ-ում մեկ հոգի ադրբեջանցի չկար, որ կարող էր ընտրություններին մասնակցել, բայց Միլի մեջլիսում ընտրված պատգամավոր կար։ Հիմա՞ր էին, որ այդպես էին ասում, իհարկե ոչ։ Իրենք հասկանում էին, որ դիվանագիտական, քաղաքական հենքը պետք է ստեղծվի, երբ ռազմական ճանապարհով կհասնեն մի հնարավորության, որպեսզի այդ խաղաթուղթը կարողանան օգտագործել», - հավելեց Արամայիս Աղաբեկյանը։

«Ի տարբերություն այս իշխանությունների, որոնք փորձում ենք համոզել բոլորին, այդ թվում՝ աշխարհին, որ Արցախի հարցը փակված է, մենք առավել քան վստահ ենք, որ փակված չէ, և մեր ցանկացած գործունեություն այսօր այս իշխանությունների լինելիության պարագայում միտված է հենց Արցախի հարցը անընդհատ տաք պահելուն, այսինքն՝ այն բաց է», - ասաց «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի խորհրդարանականների խոսքով՝ հիմա իրենց օրակարգում արցախցիներին առնչվող բազմաթիվ հարցեր են՝ նրանց սոցիալական ու այլ խնդիրներից մինչև Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձի հարց։

«Այդ օրը լինելու է, և Արցախի վերադարձը լինելու է։ Այդ ժամանակ պիտի Արցախի բոլոր մարմինները կենդանի լինեն, որպեսզի զրոյից ոչ թե պետություն ստեղծեն, նոր ինչ-որ բան կառուցեն, այլ կարողանան արագ, կազմակերպված գործընթացները շարունակել», - շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի վերջին նախագահն ու մյուս պաշտոնյաները իրենց գործունեությունը շարունակում են Երևանում՝ Արցախի ներկայացուցչության շենքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG